211652_close_icon
views-count2360 դիտում article-date 14:28 12-11-2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նոյեմբերի 12-ին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Պաշտպանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև փաստաբանական թիմի մյուս անդամները: Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից: Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի` 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նմանատիպ նյութեր