211652_close_icon
views-count1172 դիտում article-date 13:00 12-11-2019

Արսեն Բաբայանն ազատ կարձակվի

Որոշում է կայացվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական նշել է, որ ՀՔԾ-ին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել քննչական գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը: «Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ»,- գրել է Աբրահամյանը: Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նմանատիպ նյութեր