211652_close_icon
views-count2618 դիտում article-date 09:13 12-11-2019

Լավրովի սենսացիոն հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցն ու խնդրին անդրադարձը, հիշեցնենք, հաշված օրեր առաջ էլ ԵԱՀԿ ամերիկյան առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորից եղավ հայտարարություն, որտեղ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի` նաև շեշտեց. «ԱՄՆ-ն կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր և խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարևոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության և սկզբունքների մեջ»: Ըստ էության, ամերիկյան կողմից հնչած այս հայտարարության հետ պաշտոնական Ստեփանակերտն անհամաձայնություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց․ «Բոլոր սկզբունքներին անդրադարձ կա, հավասարակշռված հայտարարություն է և, որ ամենակարևորն է, ընդգծվում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»: Համանախագահող մյուս երկրի՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը Երևանում երեկ, ըստ էության, ասաց, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Սա, թերևս, սենսացիոն հայտարարություն է: Լավրովն ինքը չմանրամասնեց, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում: Արցախից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում և հենց Ադրբեջանն է ցանկանում , որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին: Պատասխանելով «ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խորհրդականն ասաց. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր