211652_close_icon
views-count1179 դիտում article-date 21:31 11-11-2019

Ռումանիոյ Հայոց թեմի տնօրինությամբ Բուխարեստում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ

Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ու տնօրինությամբ նոյեմբերի 9-ին և 10-ին Բուխարեստում տեղի ունեցան մի քանի կարևոր միջոցառումներ` ցուցահանդեսներ, համերգներ: Ինչպես հայտնեցին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, նախ ժամը 12:00-ին Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի ընդարձակ սրահում հանդիսավորությամբ բացվեց, Ռումանիոյ հայոց թեմի եկեղեցիները. պատմություն և ժառանգություն, վերտառությամբ ցուցահանդեսը, ուր ներկայացված էին Սփյուռքի մեջ առաջին հայոց եպիսկոպոսական Աթոռի (1401թ.) և Եվրոպայի հնագույն հայկական գաղթոջախի շուրջ 1000 ամյա պատմությունը: Այդ 1000 տարիների ընթացքում հայերը Ռումինիայում կառուցել են բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, դպրոցներ ու մշակութային կենտրոններ, թողել հարուստ պատմական ու մշակութային ժառանգություն: Այսօր էլ Ռումինիայում կանգուն են 18 եկեղեցի, 2 վանք, 1 բերդ, 8 հայկական գերեզմանոց, թեմի թանգարանում և գրադարանում պահվում են 2000 հնատիպ գիրք, նախահովնաթանյան շրջանի 200-300 սրբանկար, հարուստ եկեղեցական սպասք, 7 եկեղեցական վարագույր, որոնք մեծ արժեք են ներկայացնում, մոտավորապես 60 ձեռագիր, 300 տարվա արխիվ, 400 տարվա մյուռոն: Ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվեց և իր օրհնությունն ու խոսքը հղեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Դանիել Պատրիարքը: Ներկա էին նաև Ռումինիայի Կրոնից նախարար տիար Վիկտոր Օպասկին, Ռումինիայում ՀՀ Արտարագ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր տիար Վարուժան Փակբուկչյանը, Բուխարեստի երկրորդ թաղամասի փոխքաղաքապետ տիար Դան Քրիստիան Պոպեսկուն, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, տարբեր եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ, տարբեր քաղաքներից ժամանակ հայ համայնքների ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, թեմի ողջ հոգևորականաց դասը: Դանիել Պատրիարքն ի խոսքում մասնավորապես նշեց. ,,Ողջունում ենք Ռումանիոյ հայոց թեմի` Պատրիարքարանի սրահի մեջ ցուցահանդես կազմակերպելու այս նախաձեռնությունը: … Մեր Եկեղեցին կարևորում ու գնահատում է Ռումինիայի հայ համայնքի ներկայությունն ու ներդրումը զանազան ոլորտներում ու ասպարեզներում` հոգևոր, կրոնական, մշակութային, սոցիալական, արվեստի: … Պետք է ընդգծել այն եղբայրական ու ջերմ հարաբերությունները, որ առկա են Ռումին Ուղղափառ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիների միջև: … Արժանի են հիշատակության տարիների ընթացքում Ժուստինիան և Թեոկտիստ Պատրիարքների և Ամենայն Հայոց Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսների փոխադարձ այցելությունները: Մեզ համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, հայոց առաջին Հայրապետը, որ Քրիստոսի լույսը տարածեց և առաջնորդեց հայ ժողովրդին դեպի քրիստոնեություն 301թ., Մեր Եկեղեցու օրացույցում տոնելի սուրբ է (30 սեպտեմբեր), որին տոնախմբում և պատվում ենք յուրահատուկ ձևով, քանզի այդ օրը նաև Մեր Պատրիարք ընտրվելու և գահակալության օրն է (30 սեպտեմբեր, 2007),,: Խոսքով հանդես եկան թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կրոնից նախարար տիար Վիկտոր Օպասկին, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, գրող, լրագրող Վարդան Առաքելյանը և ուիշներ: Սրբազան Հայրն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Դանիել Պատրիարքին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար` մասնավորապես նշելով. ,,Անցել են շուրջ 1000 տարիներ, բայց այսօր էլ Ռումանիոյ հայկական եկեղեցիներն ու վանքերը գործում են և բաց են բոլոր հավատացելոց առաջ շնորհիվ այն զորեղ հավատամքի, որի կրողն է հայ ժողովուրդը: Այս առումով պարտական ենք նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցուն և Ռումին պետությանը, քանզի դարեր ի վեր նեցուկ և օգնական են եղել Մեզ Մեր հավատքի, ինքնության և մշակույթի պահպանման սրբազան գործում: Բայց հայ համայնքն էլ իր հերթին, ի նշան երախտագիտության, մշտապես ծնել է մեծություններ, որոնք մեծ ավանդ են ունեցել Ռումինիայի զարգացման, զորացման ու շենացման գործում գրեթե բոլոր ասպարեզներում, լինի գիտություն, մշակույթ, թե արվեստ: Հայ և Ռումին եկեղեցիների հարաբերությունները սկսվել են դեռևս 11-րդ դարից, ինչը թերևս հնագույն էկումենիկ շփումը կարող է համարվել եկեղեցիների պատմության մեջ: 1000 տարի հետո հայոց եկեղեցիների, վանքերի, հսկայածավալ հոգևոր ու մշակութային ժառանգության առկայությունը վկայում է Ռումին Եկեղեցու, Պետության և ժողովրդի հարգանքի, հոգածության մասին հանդեպ Մեր սրբություններն ու մշակույթը: Սա հպարտություն և ազգային հարստտություն է անշուշտ ոչ միայն հայերի, այլ նաև ռումին բարեկամ ժողովրդի համար: Այսօրվա ցուցահանդեսը ևս մեկ անգամ առիթ է անցյալի հեռավոր էջերից վեր հանել և լույս սփռել Մեր հսկայածավալ ժառանգության մի փոքր մասնիկի վրա, ինչի համար Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, Պատրիարք Հայր, հյուրընկալության և ջերմ ընդունելության համար, Ձեզ, պարոն Օպասքի, աջակցության և ֆինանսավորման համար, բոլոր անհատներին ու կառույցներին, որոնք մշտապես Մեր կողքին են և իրենց ներդրումն ունեն այսօրվա միջոցառման կայացման գործում,,: Ցուցահանդեսի ավարտին կոմիտասյան կատարումներով հանդես եկան Սրբազան Հոր տնօրինությամբ Հայաստանից հրավիրված Հովհաննես սարկավագ Ներսեսյանը (բաս) և երեցկին Արմինե Խաչատրյանը (սոպրանո), տեղի ունեցավ հյուրասիրություն: Նույն օրը երեկոյան, ժամը 18:00-ին, թեմակալ առաջնորդի օրհնությամբ ու տնօրինությամբ, թեմի Դուդյան Մշակույթի տան գրադարանի սրահում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես, ապա Առաջնորդանիստ Մայր Տաճարում համերգ` նվիրված Կոմիտաս վարդապետի 150 ծննդյան ամյակին: Իրենց անզուգական կատարումներով բոլոր ներկաներին ու հրավիրյալներն հիացրին և հուզեցին Հովհաննես սարկավագ Ներսեսյանը (բաս) և երեցկին Արմինե Խաչատրյանը (սոպրանո): Ներկա էին առաջնորդը, թեմի հոգևարականաց դասը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, տարբեր ծուխերից ժամանած հայորդիներ, թեմական ու ծխական խորհուրդների ներկայացուցիչներ, հյուրեր: Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի հոգևոր ու ժողովրդական հանրահայտ ստեղծագործություններից` Հայր մեր, Ընտրեալդ, Սիրտ իմ սասանի, Տեր ողորմեա, Ամեն հայի, Մոկաց Միրզա, Կռունկ, Հով արեք, Քելե քելե, Չինար ես, Ալ Այլուղս, Ծիրանի ծառ, Հայաստան, Ոհ ինչ քաղցր բան: Բոլոր ներկաներին բաժանվեցին Կոմիտասի կյանքն ու գործունեությունը ներկայացնող պատկերազարդ բրոշուրներ, որոնք պատրաստվել էին թեմի կողմից: Ավարտին խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդը: Նախ շնորհավորեց գեղեցիկ կատարումների համար, շնորհակալություն հայտնեց միջոցառումների կազմակերպչական խմբի բոլոր անդամներին, Ռումինիայի հայոց միությանը` ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար, ապա խոսեց Կոմիտաս հանճարի և ֆենոմենի մասին` մասնավորապես նշելով. ,,Կոմիտասը հայ ժողովրդի հավաքական կերպարի մարմնացումն է: Վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովուրդն ինքն իրեն վերագտել է Կոմիտասի հանճարեղ ստեղծագործությունների մեջ: Կոմիտասի երգն ու հայ ժողովրդի ճակատագիրը միահյուսվել են և դարձել մեկ ամբողջություն: Տեղին է նշել հայ ժողովրդի մեկ այլ մեծանուն զավակ, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը` ասելով. ,,Ուր որ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը: Կոմիտասը համազգային մեծություն է: Նրա երգերով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: ...Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ, նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը,,: Կոմիտասը հավաքեց ու փրկեց հայոց երգն ու երաժշտությունը կորսվելուց, մաքրեց, զտեց ու հայացրեց այն` դարձնելով յուրատեսակ աղոթք ու հասցնելով յուրաքանչյուր մարդու սրտի նուրբ լարերին: Կոմիտասյան Պատարագը դարձավ հայ հոգևոր երաժշտության գոհարներից մեկը, որի միջոցով կարծես թե ինքնամաքրվում ենք և մերձենում Աստծուն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքով ասված` ,,Կոմիտասը մեզ տալիս է լուսո մեր իսկ ջահը՝ մարդկային ոգու մարտահրավերների այս դարաշրջանում լուսավորելու մեր ուղին, հնագույն մեր արժեքների շուրջ համախմբելու ամենքիս՝ իբրև ազգ, իբրև նկարագիր ու տեսլական ունեցող ժողովուրդ,,: Հաջորդ օրը, նոյեմբերի 10-ին, տարբեր ծուխերից ու հայաշատ քաղաքներից ժամանած հարյուրավոր ուխտավորներն ու հյուրերը մասնակցեցին Առաջնորդանսիտ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի ուխտի օրվան նվիրված եպիսկոպոսական Սուրբ Պատարագին, կատարվեց հոգեհանգիստ Ռումանիոյ թեմի բոլոր առաջնորդների, Տաճարում ծառայած հոգևորականաց և բարերարների հոգիների համար, տեղի ունեցավ մատաղի օրհնություն: Հավարտ ամենի բոլոր ներկաները մասնակցեցին սիրո ճաշին՝ կազմակերպված Ռումանահայոց թեմի, Ռումանահայոց միության և Բուխարեստի ծխական խորհրդի կողմից:

Նմանատիպ նյութեր