211652_close_icon
views-count1353 դիտում article-date 11:46 09-11-2019

Բարձրագույն դատական խորհրդում ճանաչողական այցով հյուրընկալվել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ

Բարձրագույն դատական խորհրդում նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր: Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարևորեց նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Նա իր խոսքում նկատեց, որ դատարանների աշխատանքը լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցման պակաս կա, և ոլորտային խնդիրների գրագետ լուսաբանումը կարող է նպաստել ոչ միայն առկա խնդիրների լուծմանն ու հաղթահարմանը, այլև դատական իշխանության հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը: Ուսանողների հետ հանդիպմանը Ռուբեն Վարդազարյանը, հակիրճ ներկայացնելով Խորհրդի լիազորությունները, հիմնական շեշտադրումն արեց մատչելի, հասանելի դատական համակարգ ունենալու Խորհրդի որդեգրած քաղաքականության վրա: Խորհուրդը պիլոտային տարբերակով շրջանառության մեջ է դրել դատավորների համար խորհրդատվական բնույթի որոշում, ըստ որի՝ դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելուց զատ, դատավորներն ավելի մատչելի, առանց իրավական տերմինների օգտագործման, կողմերին հասանելի լեզվով կբացատրեն դատական ակտի բովանդակությունը: Հաջողության դեպքում Խորհուրդը կդիմի օրենսդրին՝ հարցի օրենսդրական կարգավորման համար: Ապագա լրագրողները հետաքրքրվեցին դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով, էլեկտրոնային արդարադատության համակարգի, արբիտրաժային դատարանների արդյունավետության և այլ հարցերով: Խորհրդի նախագահն անդրադարձավ ուսանողների բարձրացրած բոլոր հարցադրումներին: Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները շրջայց կատարեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքում, եղան կարգապահական վարույթների քննության համար նախատեսված նիստերի դահլիճում, խորհրդակցական սենյակում: [b] Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր