211652_close_icon
views-count2465 դիտում article-date 11:01 09-11-2019

Հայոց լեզու դասավանդելու խնդիրը պետք է քննարկել ոչ թե լացակումած, այլ գործնականորեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Բուհերում հայոց լեզու դասավանդելու-չդասավանդելու հարցը դարձավ քաղաքական շահարկումների առարկա: Կառավարության քննադատները դարձյալ սկսեցին խոսել «ապազգային» իշխանությունների մասին՝ գրեթե կրկնելով այն փաստարկները, որոնցով ժամանակին «հարվածում էին» Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմին: Ներկայիս իշխանավորները դրան պատասխանում են նույնպես ավանդաբար՝ «բա որ դուք երկիր էիք թալանում, լա՞վ էր», «բա որ Տարոն Մարգարյանը և Լիսկան ձեր ժամանակ ատենախոսություններ են պաշտպանել»: (Ի դեպ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ մի ատենախոսություն էլ չէր պաշտպանել, բոհը նրան ոչ մի աստիճան չէր շնորհել՝ նա իրեն պարզապես հռչակել էր «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր»): Մինչդեռ խնդիրն իսկապես գոյություն ունի, բայց, իմ կարծիքով, այն պետք է քննարկել ոչ թե քաղաքական դաշտում, ոչ թե «ներկաներ-նախկիններ» տաղտկալի հակադրության մեջ, ոչ թե լացակումած հայրենասիրության շղարշի տակ, այլ գործնականորեն, ռացիոնալ լուծումներ փնտրելով: Ներկայացնեմ իմ համեստ դիտարկումները. 1/ Հայոց լեզվից միասնական քննություն հանձնելը բացարձակապես չի վկայում լեզվին բավարար տիրապետելու և գրագիտության մասին: Սարսափելի տառասխալներով գրող «ֆեյսբուքյան ակտիվիստների» մեծ մասը հաջողությամբ հանձնել է միասնական քննությունը, շատերը ստացել են բարձր գնահատականներ: Հետևաբար, պետք է մշակել օբյեկտիվ, ունիֆիկացված, համակարգչով վերահսկվող համակարգ (անգլերեն toefl-ի նման), որից ստացած բարձր գնահատականները հնարավորություն կտան ընդունվել ցանկացած բուհ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայոց լեզվով: Առանց «հայկական թոյֆըլի» բարձր գնահատականների՝ դպրոցների շրջանավարտները պիտի իրավունք չունենան դիմելու որևէ բուհ: 2/ Հայոց լեզուն բուհերում պետք է դասավանդվի, բայց ոչ այնպես, ինչպես հիմա է դա արվում՝ ոչ թե դպրոցական, այլ բուհական մակարդակով: Սա նշանակում է, որ բուհերը պետք է ջանքեր և ռեսուրսներ ծախսեն պրոֆիլային առարկաների՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ծրագրավորման և մյուս մասնագիտությունների լեզուն, գիտական ապարատը «հայկականացնելու» և հենց այդ «մասնագիտացված հայերենը» դասավանդելու համար: Դա շատ բարդ, աշխատատար, ծախսատար խնդիր է, բայց այդ ուղղությամբ աշխատելու պետական նշանակությունը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Այո, հիմնական մասնագիտական գրականությունը ուսանողները կարդալու են ռուսերեն կամ անգլերեն: Բայց իրենց մասնագիտության «կիրառումը» մեր պետության մեջ կլինի հայերեն: 3/ Թողնել ամեն ինչ բուհերի հայեցողությանը՝ սխալ է: Պետությունը, նախարարությունը հզոր լծակներ պիտի ունենա հայերենի ուսուցումը բուհերում զարգացնելու համար՝ բուհերին արտոնագիր տալուց, դրանց վարկանիշ շնորհելուց հայոց լեզվի դասավանդման մակարդակը պետք է կարևորագույն չափանիշներից մեկը լինի: Իհարկե, իմ այս առաջարկները հում են և գուցե մասնագետների համար անընդունելի: Պարզապես ուզում եմ հուշել, թե որ ուղղությամբ է պետք մտածել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր