211652_close_icon
views-count3231 դիտում article-date 13:00 07-11-2019

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին գրավով փոխարինել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Միջնորդության հիմքում գլխավորապես դրված էր Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշումը, որով ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել է, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաեւ խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Սա պաշտպանական կողմը դիտել էր որպես նոր ի հայտ եկած հանգամանք: Մարտի 1-ի գործից անջատված այս գործը դատարանում է 2019 թվականի ապրիլ ամսից: Գործով մեղադրյալի կարգավիճակում են Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Աղբյուրը՝ [url=http://www.armtimes.com/hy/article/173297]armtimes.com[/url]

Նմանատիպ նյութեր