211652_close_icon
views-count2093 դիտում article-date 18:56 06-11-2019

ՀՀ վարչապետի և Արցախի ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ: «Սա շատ լավ առիթ է, որպեսզի արձանագրենք, ամփոփենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի հետ հարաբերություններում կոնկրետ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել: Ուզում եմ անդրադառնալ ֆինանսատնտեսական հատվածին: Առաջին ամենակարևոր հարցը թերևս հետևյալն է. խոսքը միջպետական վարկի վերակառուցման մասին է: Մենք համապատասխան պայմանավորվածությունը ձեռք ենք բերել դեռևս այն ժամանակ, երբ պարոն Հարությունյանն Արցախի պետնախարար էր: Սա շատ կարևոր որոշում է, որը դե ֆակտո իրականացվում է: Այսինքն՝ քաղաքական որոշմամբ մենք արձանագրել ենք, որ այդ գումարը մենք ավելի լավ է վերակառուցենք: Մեր կառավարությունն Արցախի կառավարության հետ քաղաքական որոշում է կայացրել, որ ավելի լավ է այդ գումարը շարունակվի շրջանառվել Արցախի Հանրապետությունում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել է նաև ՀՀ կառավարության մեկ այլ որոշում, որով 2.1 մլրդ դրամ է տրամադրվելու առաջնագծի և ընդհարապես զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: «Հաջորդը. Արցախի զինծառայողների բնակարանային խնդիրները լուծելու համար 2.9 մլրդ դրամ հատկացնելու որոշման նախագիծն այս պահին գտնվում է շրջանառության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ որոշում է կայացվել նաև Արցախի համար ձեռք բերել շտապօգնության 10 մեքենա: Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների համագործակցությանը, տարբեր ոլորտներում գործակցությանը, Հայաստանում և Արցախում տնտեսության առանձին ճյուղերի զարգացման խթանմանը վերաբերող հարցերի: Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և անդրադարձել «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջիկա անելիքներին:

Նմանատիպ նյութեր