211652_close_icon
views-count1008 դիտում article-date 11:19 06-11-2019

Ինչո՞վ են իշխանություններին խանգարում հայագիտական առարկաները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կրթամշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացներն այս օրերին հանրության ուշադրության կիզակետում են։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ պարզ դարձավ, որ նոր իշխանությունների կրթական քաղաքականությունը իրենից ենթադրում է հայագիտական առարկաների դերի նվազեցում, որը տեղի է ունենալու դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու և «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու արդյունքում։ Պատահական չէ, որ Փաշինյանի հերթական ուղիղ եթերի հիմնական մեխը նվիրված էր կրթության ոլորտում իրենց կողմից նախատեսվող փոփոխություններին։ Վերջինս, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորումները որոշակի ձևափոխումների ենթարկելով, փորձում էր հանրությանը համոզել, թե իրենց ծրագրերը առավել քան բխում են հանրության շահերից։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կդասավանդվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, իսկ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում կդառնան ոչ պարտադիր, քանի որ այսօրվա տեխնոլոգիական զարգացումը ենթադրում է, որ պետք է կենտրոնանալ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն առարկաների վրա։ Փաշինյանն իր ասածները առավել փաստարկված դարձնելու նպատակով փորձում էր բերել արևմտյան առաջատար բուհերի օրինակներ՝ հարցադրումներ անելով, թե արդյո՞ք Հարվարդի համալսարանում պարտադիր դասավանդում են Ամերիկայի պատմություն, կամ արդյո՞ք Քեմբրիջի համալսարանում դասավանդում են Մեծ Բրիտանիայի պատմությունը և այսպես շարունակ։ Սակայն վարչապետը հաշվի չի առել, որ այս տեսանկյունից չարժե հայաստանյան բարձրագույն կրթական համակարգը համեմատել արևմտյան բուհերում գործող որոշակի մոտեցումների հետ, քանի որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերները պահանջում են, որպեսզի հայագիտական առարկաների դասավանդումը լինի ամենաբարձր դիրքերում։ Մենք խնդիր ունենք ոչ միայն բուհերում մասնագետներ պատրաստել, այլև ձևավորել լիարժեք քաղաքացի, ազգային աշխարհայացք, նկարագիր և մտածելակերպ ունեցող մասնագետներ։ Իսկ այն հիմնավորումը, թե հայագիտական առարկաների պարտադիր լինելը խանգարում է բնագիտական առարկաների մակարդակի բարձրացմանը, շատ թույլ փաստարկ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր