211652_close_icon
views-count2282 դիտում article-date 21:35 04-11-2019

«Ժամանակակից դասականներ» փառատոնը համերգային երեկո է նվիրել Գիա Կանչելիի հիշատակին

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում համերգային երեկո է նվիրվել վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին։ Երեկոյի ընթացքում ներկայացվել են մեծ վարպետի ստեղծագործությունները՝ «Միայնության մեջ» ջութակի և նվագախմբի համար‚ «Տխրության հրեշտակներ» ջութակի, թավջութակի‚ մանկական երգչախմբի և կամերային նվագախմբի համար‚ “À la Duduki” սիմֆոնիկ նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել եկան «Գրեմմի» մրցանակակիր, ջութակահար Գիդոն Կրեմերը և թավջութակահար Գիգդրե Դիրվանաուսկայտեն։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, համերգին մասնակցել են նաև «Այբ» դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Պապայան)‚ Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան‚ խմբավար՝ Էմմա Առաքելյան)։ «Վրացի կոմպոզիտոր, մանկավարժ Գիա Կանչելին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր‚ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր‚ նա հայտնի է ինչպես իր սիմֆոնիկ գործերով‚ այնպես էլ՝ կինոերաժշտությամբ։ Գիա Կանչելին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն բարեկամներից էր։ 2017 թվականին նվագախումբը Երևանում կազմակերպել էր Կանչելիին նվիրված փառատոն՝ մաեստրոյին հրավիրելով Հայաստան‚ 2018 թվականին Կանչելիի ստեղծագործությունները նվագախումբը ներկայացրել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնն անվանեց միջազգային թրենդ թելադրող նախաձեռնություն։ Սերգեյ Սմբատյանը ցավով նշեց‚ որ այսօր չեն կարող վայելել մաեստրո Կանչելիի ֆիզիկական ներկայությունը‚ սակայն նրա ստեղծագործությունները կատարելով՝ ոգեկոչում են մեծ երաժշտի հիշատակը։ Ըստ դիրիժոր Սմբատյանի՝ Կանչելիի՝ լռության մաեստրոյի երաժշտությունը լի է խորը փիլիսոփայությամբ։ Կանչելիի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար ներկայացրեց «Գրեմմի» մրցանակակիր, Ճապոնիայի կայսերական մրցանակի դափնեկիր Գիդոն Կրեմերը։ Կրեմերը մեր օրերի լավագույն ջութակահարներից է‚ նա տալիս է վարպետության դասեր և մասնակցում տարբեր երաժշտական փառատոների։ Կրեմերը հանդես է գալիս բազմաթիվ երաժիշտների հետ նաև կամերային երաժշտության ասպարեզում՝ Յուրի Բաշմետ‚ Յո-Յո Մա‚ Քիմ Քաշքաշյան և այլք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր