211652_close_icon
views-count1753 դիտում article-date 23:01 01-11-2019

ՀՅԴ-ն երախտագիտության նամակ է հանձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը և ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Կարին Հովսեփյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան կառույցի անունից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 296 բանաձևի ընդունման կապակցությամբ երախտագիտական նամակ են հանձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Ինչպես տեղեկացրին Հայ Դատի հանձնախմբից, նրանց դիմավորել և ողջունել է դեսպանատան մամուլի կցորդ Քելլի Լոնգը, որը շնորհակալություն է հայտնել երախտագիտության համար և նշեց, որ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիի՝ Հայաստան վերադառնալուն պես՝ նամակը կփոխանցի նրան: «Հայ Դատի գրասենյակները տասնամյակներ աշխատել են այս ուղղությամբ, կարողացել են մոբիլիզացնել ամբողջ հայ համայնքը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 296 բանաձևով վերահաստատեց դեռևս 1951 թ. որդեգրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ դարասկզբին՝ 1915-1923 թթ., տեղի ունեցած՝ 1.5 մլն հայի կոտորածը և տեղահանությունները ցեղասպանություն են եղել: Բանաձևը նաև խրախուսում է մարդկության դեմ դեռևս իրականացվող հանցագործությունների և Հայոց ցեղասպանության միջև կապի վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»,- նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ բանաձևի ընդունումը ևս մեկ անգամ հաստատել է, որ ժխտումն այլևս անիմաստ է, և, վերջ ի վերջո, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը, ընդունի, իր կատարած հանցագործությունը և ներողություն խնդրի հայ ժողովրդից: «Մեր տարածաշրջանում երկարատև, կայուն համերաշխություն հնարավոր է ապահովել միայն, եթե Թուրքիան առերեսվի իր պատմությանը, ընդունի իր մեղսագործությունը, վերականգնվեն մեր ժողովրդի իրավունքները, և հաստատվի պատմական արդարությունը»,- եզրափակել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամը:

Նմանատիպ նյութեր