211652_close_icon
views-count1526 դիտում article-date 21:55 01-11-2019

Ռուստամ Բադասյանը մասնակցել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկմանը

Արդարադատության նախարարան այսօր մասնակցել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին նվիրված երկօրյա քննարկումների շարքի առաջին հանդիպմանը, որը կազմակերպել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը: Նախարարն իր շնորհակալական խոսքն է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և հատկապես Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու և հանդիպումը կազմակերպելու համար։ Ռուստամ Բադասյանը շեշտադրել է այն հանգամանքը, որ կրթական հաստատությունների և հատկապես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի փորձագիտական ներուժը մեծապես կարող է նպաստել ոլորտային բարեփոխումների իրականացմանը։ Նախարարը նաև նշել է, որ ներկայում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում բարեփոխումների իրականացումը հանդիսանում է Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Ըստ այդմ՝ ներկայում լրամշակման փուլում է գտնվում Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության նախագիծը։ Առաջիկայում այն կներկայացվի Կառավարության հաստատմանը։ Բարեփոխումների այս փուլում նախարար Բադասյանը կարևորել է Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումը, որը համահունչ կլինի միջազգային չափանիշներին, և դրա ուղղությամբ օրենսգրքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը։ Նախարարը, բարձր գնահատելով Քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում, միաժամանակ փաստել է, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունն առավել առարկայական են դարձել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այնպիսի կազմակերպությունների գնահատականների լույսի ներքո, ինչպիսին են ԽԿԿ-ն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն և այլ կազմակերպությունները: Ռուստամ Բադասյանը նշել է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծն իր մեջ պարունակում է շատ խնդիրների լուծմանն ուղղված առանցքային և նոր լուծումներ՝ միաժամանակ փաստելով, որ այդպիսի լուծումների նախանշման հարցում մեծ է Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Արդարադատության նախարարության պետքարտուղար դոկտոր Ստեֆան ֆոն դեր Բեքի ներդրումը։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարարն արդյունավետ քննարկում է մաղթել քննարկման մասնակիցներին։ Քննարկման մասնակիցներին իր ողջույնի խոսքն է ուղղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը։ Դեսպանը կարևորել է Արդարադատության նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցությունը և փաստել, որ այսպիսի հանդիպումները հիմք են հայ-գերմանական համագործակցության ակտիվացման համար։ Դեսպանի խոսքով՝ Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության կայացմանը: Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի արդարադատության նախարարույան պետքարտուղար Ստեֆան ֆոն դեր Բեքը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են պատժի նպատակներին, պատժի կատարման սկզբունքներին, դատապարտյալների վերասոցիալականացմանը և դրա հիմնական միջոցներին, պատժի կատարման նկատմամբ դատական վերահսկողությանը, կարճաժամկետ ազատազրկմանը և պատժի կրման պայմաններին առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր