211652_close_icon
views-count7836 դիտում article-date 18:23 01-11-2019

Մի քանի ամսից Հանքավանում կբացվի խմելու հանքային ջրերի խոշոր գործարան մինչև 200 աշխատատեղով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հերթական աշխատանքային այցով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Մեղրաձոր խոշորացված համայնքում էր: Մարզպետն այցելել է Հանքավան բնակավայր, որտեղ արտասահմանցի ներդրողները շուրջ 8000 քմ տարածքում կառուցում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած խմելու հանքային ջրերի խոշոր գործարան: Մարզպետը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ներդրողը վստահեցրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին գործարանը պատրաստ կլինի շահագործման, իսկ մինչ այդ ընթանում են գործարանի կահավորման, հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, ներկրվում են համապատասխան սարքավորումներ: Ներդրողը նախատեսում է իր աշխատակազմը համալրել միմիայն տեղացի մասնագետներով ու աշխատակիցներով, ինչն էլ մարզպետը ողջունել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքի զարգացմանն ուղղված տարբեր գործընթացներում: Ակնկալվում է շուրջ 200 աշխատատեղի համալրում: Նշենք, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռ 5 տարի առաջ, սակայն հիմնական աշխատանքները սկսվել են 2018-2019 թվականների ընթացքում: Գործարանի արտադրանքն արտահանվելու է հիմնականում ՌԴ և եվրոպական երկրներ, որտեղ արդեն RARE WATER ապրանքանիշը հավաստագրվել է և անցել սննդի բոլոր տեսակի սերտիֆիկացումները։ Մարզպետն այցելել է նաև Փյունիկի միջնակարգ դպրոց: Այստեղ աշակերտների հետ միասին ազդարարվել է դպրոցի հարակից տարածքում մարզասարքերով հագեցած նոր մարզահրապարակի բացումը: Հիշեցնենք, որ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակման եզրին էր, սակայն ՀՀ Կառավարության կողմից հրատապ կարգով չեղարկվել է դեռևս նախկին իշխանությունների կողմից 2017թ. ընդունված որոշումը՝ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակելու մասին, և ֆինանսական վերաբաշխումների միջոցով հրատապ ֆինանսական միջոցներ է հատկացվել դպրոցին՝ 2018-2019թթ. ձմեռվա վառելափայտի ձեռքբերման ու աշխատավարձերի ապահովման համար (քանի որ պետ.բյուջեով դա այլևս նախատեսված չէր): Հատկացված ֆինանսական միջոցներով մասնակի վերանորոգվել ու թիթեղապատվել է դպրոցի տանիքը (200քմ), վերանորոգվել է 4 սանհանգույց, ինչպես նաև դպրոցի հարակից տարածքում կառուցվել է համայնքային մարզահրապարակ, որն արդեն իսկ բնակիչների կողմից ակտիվորեն շահագործվում է: Նշենք, որ դպրոցում ներկայում սովորում է 40 աշակերտ, որոնց թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է: Հաջորդիվ մարզպետն այցելել է Արտավազի մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին ու շփվել երեխաների հետ: Ներկայում մանկապարտեզ են հաճախում 30 փոքրիկներ: Հավելենք, որ նորակառույց մանկապարտեզն իր դռներն է բացել այս տարվա մայիսի 1-ին և Կոտայքի մարզում միակն է, որի ողջ ֆինանսական հարցերը լուծվում են բացառապես համայնքապետարանի միջոցներով և ծնողներից որևէ վարձավճար չի գանձվում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր