211652_close_icon
views-count1696 դիտում article-date 15:22 01-11-2019

Արցախի Խորհրդարանի անկախ պատգամավորները միացել են Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական թիմին

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել անկախ պատգամավոր Էրիկ Ռոբիկի Հարությունյանը: Հոկտեմբերի 31-ին, «Ազատ հայրենիք» խմբակցությանն, իր դիմումի համաձայն, միացել է խորհրդարանի մեկ այլ անկախ պատգամավոր՝ Արամ Ալեքսեյի Սարգսյանը: Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ կայացած հանդիպման ժամանակ պատգամավորները նշել են, որ այդ որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով կուսակցության կողմից առաջ քաշած ծրագրերը: «Դա գիտակցված որոշում էր, քանի որ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացրած Արցախի զարգացման տեսլականը հավակնոտ է և իրատեսական»,- նշել է թիվ 2 ընտրատարածքից (ք. Ստեփանակերտ), մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը: Իսկ Շուշիի և Քաշաթաղի շրջաններն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էրիկ Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում «Ազատ հայրենիք» կուսակցության անցած ճանապարհը և այն ներուժը, որն ունի կուսակցությունը: «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը ողջունել է անկախ խորհրդարանականների որոշումը և համոզմունք հայտնել, որ համատեղ գործունեությունն ավելի կբարձրացնի Խորհրդարանում խմբակցության ծավալած աշխատանքի արդյունավետությունը: Հիշեցնենք, որ «Հայրենիք» խմբակցությունը Արցախի Խորհրդարանում ամենամեծն է և նոր պատգամավորների անդամակցության արդյունքում կունենա 16 պատգամավոր: Տեղեկացնենք նաև, որ ԱՀ Խորհրդարանի 33 պատգամավորներից միայն Արամ Սարգսյանն ու Էրիկ Հարությունյանն էին, որ ընդգրկված չէին որևէ խմբակցության մեջ:

Նմանատիպ նյութեր