211652_close_icon
views-count1606 դիտում article-date 13:23 01-11-2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ

Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։ Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման և հայ֊կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը։ Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները նախանշեցին երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։ Որպես խոստումնալից ուղղություններ առանձնացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի զարգացման, նորարարության և առևտրատնտեսական ոլորտները։ Նախարար Մնացականյանն իր կամերունցի գործընկերոջը ներկայացրեց նշյալ ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը կամերունյան կողմի հետ նախաձեռնելու ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր: Հայաստանի և Կամերունի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցների շրջանակներում հաստատված համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։ Այս համատեքստում գործընկերներն առանձնահատուկ անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ որպես ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման և հանրության առջև ծառացած խնդիրների հասցեագրման կարևորագույն հարթակի։ Նախարարները քննարկում ծավալեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական 36-րդ համաժողովի արդյունքների, Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ:

Նմանատիպ նյութեր