211652_close_icon
views-count1922 դիտում article-date 10:47 01-11-2019

Սխալ է, երբ հասարակական կազմակերպությունը «բոյկոտում է» որևէ լրատվամիջոցի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մասնագիտական բնագավառում որոշակի փորձառություն ձեռք բերելուց հետո ես համոզվեցի, որ լրագրողական և ընդհանրապես հասարակական պրակտիկայում որևէ մեկին բոյկոտելն առողջ մոտեցում չէ: Քաղաքական գործունեությունն այլ բան է. օրինակ, երբ կուսակցությունը բոյկոտում է ընտրությունները, կամ խորհրդարանական խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը, դա քաղաքական պայքարի ձև է, և տվյալ քաղաքական ուժն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում նման միջոցի արդյունավետության համար: Բայց սխալ է, երբ հասարակական կազմակերպությունը «բոյկոտում է» որևէ լրատվամիջոցի: Սխալ է նաև, երբ լրատվամիջոցներն են բոյկոտում որևէ կազմակերպության կամ անձի. նյութի «հերոսի» առումով սահմանափակում չպիտի լինի, չի կարելի է առաջնորդվել նրանով, թե այդ «հերոսը» քեզ համար քաղաքական առումով կամ անձնապես համակրելի՞ է, թե՞ ոչ, կամ արդյոք նա քեզ երբևէ հայհոյել է կամ ցավ պատճառել: «Սա իշխանություն է», «սա ընդդիմություն է», «սա նախկին իշխանություն է», «սա 20 տարի առաջ հորեղբորս վատություն է արել»՝ այդ ամենը պրոֆեսիոնալ մոտեցում չէ. եթե տվյալ իրադարձությունը կամ անձնավորությունը, քո կարծիքով, հետաքրքիր է սպառողի համար, նրան չի կարելի շրջանցել: Ինչպես արդեն ասացի, կա նաև «հակառակ» հիվանդությունը, որը սրվել է հեղափոխությունից հետո: Հատկապես իշխանության ներկայացուցիչները և կողմնակիցները հաճախ ստանձնում են դատավորի (կամ գուցե դատախազի) դեր և իրենց դատավճիռն են կայացնում՝ սա լրատվամիջոց է, իսկ սա ոչ թե լրատվամիջոց է, այլ «մութ ուժերի» շահերը պաշտպանող․․․ որակումները թողնում եմ ընթերցողի երևակայությանը: Իշխանության երկրպագուները նաև սիրում են ուսուցողական տոնով խոսել այն մասին, որ խոսքի ազատությունը չի նշանակում սանձարձակություն և այլն: Նման գնահատականները վերջերս հիմք դարձան «բոյկոտի» համար՝ «ոչ լրատվամիջոցների» համար միջոցառումը լուսաբանելու «դուռը փակվեց»: Դա սխալ մոտեցում է՝ ոչ ոք ոչ մեկի դատավորը չի կարող լինել (բացի, բնականաբար, այն դեպքերից, երբ խախտվում է օրենքը, և պիտի գործեն պետության կողմից նշանակված դատավորներ): Իհարկե, կան աշխարհում ընդունված լրագրության մասնագիտական և էթիկական չափանիշներ: Բայց «սանձարձակության դեմ պայքարողներին» շատ էլ դուր է գալիս, երբ այդ չափանիշները խախտում են իշխանության կողմնակից լրատվամիջոցներն ու հեղինակները՝ այդ դեպքում նրանք «լայքում» և «սրտիկում» են ընդդիմախոսներին ուղղված սանձարձակ արտահայտությունները, բայց հակառակ կողմից դրսևորվող նույնատիպ վարքը նրանց համար անընդունելի է: Այստեղից հորդոր. պետք չէ ոչ մեկին բոյկոտել: Պետք է փորձել առնվազն խաղաղ համագոյակցել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր