211652_close_icon
views-count2229 դիտում article-date 13:33 31-10-2019

«Ժամանակակից դասականներ» փառատոնի շրջանակում վիրտուոզ մենակատարներ Մարիո Բրունելոն և Շուշան Սիրանոսյանը ելույթ կունենան Երևանում. փառատոնը կբացվի Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով

Նոյեմբերը կմեկնարկի դասական երաժշտության բարձրարժեք համերգների շարքով‚ որը ներկայացնում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Հայաստան են հրավիրված աշխարհում մեծ ճանաչում վայելող և դասական երաժշտության ներկան կերտող լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը։ Նոյեմբերի 1-ին «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կբացվի ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի Մանսուրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի թիվ մեկ կոնցերտը‚ Թավջութակի կոնցերտը և չորս հատված ՙՁյունե թագուհին՚ բալետից։ Այս գործերը Երևանում կհնչեն աշխարհահռչակ մենակատարների՝ իտալացի վիրտուոզ թավջութակահար Մարիո Բրունելոյի և ֆրանսահայ ջութակահար Շուշան Սիրանոսյանի մեկնաբանմամբ‚ արտիստներ‚ որոնք հանդես են գալիս ամենահայտնի համերգասրահներում‚ որոնց ծափահարում է ամանաքմահաճ հանդիսատեսը։ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Մարիո Բրունելոն աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից է։ Նա նվագել է ամենահեղինակավոր նվագախմբերի՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ‚ Մյունխենի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ բազմաթիվ այլ կոլեկտիվների հետ և ամենահայտնի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի‚ Զուբին Մեթայի‚ Ռիկարդո Մուտիի‚ Կլաուդիո Աբադոյի ղեկավարությամբ։ Մարիո Բրունելոյին համարում են նաև նորարար արտիստ կատարողական արվեստում։ Երաժշտության ներկայացման դասական ձևերից բացի‚ նա բարձր արվեստը մատուցում է նոր ձևաչափերով՝ ավելի ու ավելի մեծ թվով ունկնդիրների գրավելով դեպի դասական աշխարհ։ Նոյեմբերի 1-ին մանսուրյանական երաժշտությունը կհնչի մեկ այլ վիրտուոզ երաժշտի՝ ֆրանսահայ մեր հայրենակից Շուշան Սիրանոսյանի կատարմամբ։ Շուշան Սիրանոսյանը որպես մենակատար և կոնցերտմայստեր հրավիրվում է տարբեր նվագախմբերի կողմից։ Նրա կատարումներով ձայնասկավառակներն արժանացել են բազմաթիվ մրցանակների։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը եզակի հնարավորություն է ունկնդիրների համար վայելելու ամենահայտնի կոմպոզիտորների և աշխարհահռչակ կատարողների ներկայությունն ու ծանոթանալու նրանց արվեստին։ Նշենք, որ փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր