211652_close_icon
views-count1877 դիտում article-date 12:24 31-10-2019

Yerevan Jazz Fest-ի շրջանակում Ջազ նվագախումբը ջազային տրամադրություն նվիրեց հանդիսատեսին

Ջազային ինքնատիպ տրամադրություն՝ ջազային փառատոնի շրջանակում. Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես եկավ ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացված երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկան ճանաչում վայելող երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը: Հնչեցին հայտնի ջազային մեղեդիներ՝ գործիքավորված նվագախմբի համար, ինչպես նաև լատինաամերիկյան տաք ռիթմեր: «Շատ եմ կարևորում Yerevan Jazz Fest-ի առկայությունը: Այն ամենամյա փառատոն է, անցկացվում է արդեն հինգերորդ տարին: Փառատոնի շնորհիվ ներգրավվում են էլ ավելի երիտասարդ ունկնդիրներ: Ուրախ եմ, որ քաղաքը ողողված է ջազային երաժշտության հնչյուններով, և փառատոնի շրջանակում հանդես են գալիս արտիստներ այլ երկրներից: Նվագախմբի հետ, բացի մեր անվանի, աշխարհահռչակ, սիրելի գործընկերներից՝ Վահագն Հայրապետյանից և Լևոն Մալխասյանից, հանդես եկան նաև բացառիկ հյուրեր՝ արտերկրից ժամանած Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալն, ովքեր առաջին անգամ են Երևանում»,-նշում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցը՝ առանձնահատուկ ընդգծելով, որ տպավորված է համերգին հանդես եկած մենակատարների հետ համագործացությամբ: Համերգն անցավ լեփ-լեցուն համերգասրահում՝ հանդիսատեսի ջերմ արձագանքների ներքո: Հավելենք, որ Yerevan Jazz Fest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ: Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը: Կոլեկտիվը հանդես է եկել նաև նախորդ փառատոնների շրջանակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր