211652_close_icon
views-count2849 դիտում article-date 19:12 30-10-2019

ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի բացահայտման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտել է խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպք. ՀՀ քաղաքացին, որը ներկայացել է որպես ոստիկան և պատրաստակամություն հայտնել 1.000.000 ՀՀ դրամի դիմաց կազմակերպել Ռուսաստանից արտաքսված քաղաքացու վերադարձը այդ երկիր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ վերջինս արտաքսվելով Հայաստան և ցանկանալով օրինական ճանապարհով վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, այդ հարցը կարգավորելու նպատակով Երևանում ծանոթացել է ՀՀ քաղաքացու հետ, ով խարդախությամբ վերջինիս գումարները հափշտակելու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից, ցույց է տվել ՀՀ ոստիկանության համազգեստով լուսանկարը և պատրաստակամություն է հայտնել 1.000.000 ՀՀ դրամի դիմաց կազմակերպել վերջինիս վերադարձը Ռուսաստան։ Այնուհետև, տարբեր վճարումներ կատարելու պատրվակով, 2019թ.-ի սեպտեմբերի ընթացքում տուժողից պահանջել և ստացել է 41.000 ՌԴ ռուբլի և 35.000 ՀՀ դրամ, իսկ 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ 1000 ԱՄՆ դոլար գումար՝ դրանով իսկ խարդախությամբ հափշտակելով խոշոր չափերով՝ 803.490 ՀՀ դրամին համարժեք գումար։ Պահանջած գումարի վերջին մասը ստանալով՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվելուց հետո խոստովանել կատարած հանցագործությունը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր