211652_close_icon
views-count511 դիտում article-date 19:09 30-10-2019

Փոխվարչապետ Գրիգորյանը «Ֆիթչ»-ի պատվիրակությանը ներկայացրել է Կառավարության բարեփոխումների շրջանակը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, ովքեր իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կողմից կատարված և կատարվելիք աշխատանքը՝ մեծ նշանակություն տալով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից երկրի կարևորագույն ոլորտներում առկա իրավիճակի վերլուծությունը և գնահատումն իրականացնելու գործընթացին: «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած առանցքային բարեփոխումների շրջանակը: Մհեր Գրիգորյանը խոսել է նաև կապիտալ շուկայի զարգացման կարևորության մասին՝ նշելով, որ դա հանդիսանում է Կառավարության ամենօրյա օրակարգի հարցերից մեկը: Փոխվարչապետը ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում ակնկալվող բարեփոխումների հիմնական շրջանակը՝ որպես առաջնային խնդիր առանձնացնելով գործառույթների ճիշտ ալգորիթմների ձևավորումն ու թվայնացումը: Անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականությանը, ինչպես նաև պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ, փոխվարչապետը նշել է մեր երկրի առավելություններն ու տնտեսության զարգացման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր