211652_close_icon
views-count1142 դիտում article-date 21:43 30-10-2019

Հայկական հարցը հերթական անգամ խաղարկվում է գերտերությունների կողմից. Արթուր Ղազինյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատոի ընդունած բանաձևը քիչ առնչություն ունի հայկական շահի հետ և առավելապես տեղավորվում է ԱՄՆ - Թուրքիա օրեցօր լարվող հարաբերությունների կոնտեքստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։ «ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը մեծ ոգևորությամբ ընդունվեց Հայաստանում և ամբողջ աշխարհում սփռված հայության շրջանում։ Անշուշտ, հոգեկան շատ մեծ բավականություն պատճառեցին Պալատում հնչած ելույթները, զգացմունքային ֆոնը շատ բարձր էր և հերթական անգամ հույս առաջացրեց պատմական արդարության հաստատման ուղղությամբ։ Սակայն այս իրադարձությունը առավել սթափ վերլուծելու արդյունքում կարելի է եզրակացնել, որ ընդունված բանաձևը քիչ առնչություն ունի Հայկական շահի հետ և առավելապես տեղավորվում է ԱՄՆ - Թուրքիա օրեցօր լարվող հարաբերությունների կոնտեքստում։ Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ընդունված բանաձևը կրում է ոչ պարտադիր, այն է, դեկլարատիվ բնույթ, և չի պարտադրում ԱՄՆ գործադիր իշխանությանը այսուհետ կիրառել «ցեղասպանություն» տերմինը, ինչպես նաև այն, որ այդպիսի բանաձև Ներկայացուցիչների պալատը ընդունել էր դեռևս 1984թ., ապա կարելի է եզրակացնել, որ Հայկական հարցը հերթական անգամ խաղարկվում է գերտերությունների կողմից՝ իրենց ազգային շահերին ծառայեցնելու նպատակով։ Չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ մեր անմիջական հարևանությամբ ներկայումս տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, մասնավորապես Սիրիայում թուրքական ռազմական ինտերվենցիան, քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության նկատմամբ կատարվող վայրագությունները, և վերջապես ռուս-թուրքական մերձեցումը, որը բազմաթիվ ռիսկերից զատ, կարող է աննախադեպ հնարավորություններ ընձեռել Հայկական երիտասարդ պետականության համար։ ՀՀ դիվանագիտությանն անհրաժեշտ է գործել առավելագույնս զգույշ, չտրվել զգացմունքներին և առաջնորդվել բացառապես Հայկական շահով՝ թույլ չտալով այն դարձնել մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում։ Այսպիսով, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պետք է ողջունել, շնորհակալություն հայտնել, բայց ոչ մի պարագայում այն չընդունել որպես ԱՄՆ հայկական քաղաքականության ընդգծված ուղղություն։ #Գնում_ենք_առաջ»,– գրել է նա

Նմանատիպ նյութեր