211652_close_icon
views-count959 դիտում article-date 19:08 30-10-2019

Հայ-կորեական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել․Վարոս Սիմոնյանն ընդունել է Կորեայի Հանրապետության դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին։ Վարոս Սիմոնյանը, շնորհավորելով դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-կորեական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Նա հատկանշական է համարել վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը, որը լավ հնարավորություն կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար։ Լի Սոկ-Բեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ասել, որ ամբողջ ջանքերն ուղղվելու են հայ-կորեական փոխգործակցությունը նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Նա իր խոսքում նշել է․ «Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ստաբիլ աճում է, բայց մենք պետք է ընդունենք, որ ներկայիս առևտրային ծավալների ցուցանիշները վկայում են, որ ներուժային հնարավորությունները չեն օգտագործվում ամբողջությամբ: Դրա համար կարծում եմ՝ կարևոր է ամուր իրավական հիմքերի ստեղծումն ու գործարար կապերի ամրապնդումը»։ Դեսպանը կարևորել է օրերս տեղի ունեցած հայ-կորեական բիզնես համաժողովի անցկացումը, որն ըստ նրա՝ կարևոր հարթակ է ստեղծել հայ և կորեացի գործարարների և ներդրողների համար՝ փորձի փոխանակման և փոխգործակցության նոր կապերի ձևավորման տեսանկյունից։ Նա հավելել է, որ նմանատիպ միջոցառումները դեսպանատան կողմից կկազմակերպվեն հաճախակի: Դեսպանը հատկանշական է համարել Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի և արհեստական բանականության զարգացման մեծ ներուժը և հատկապես այս ոլորտում Կորեայի հետ համագործակցության հնարավորությունները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինովացիոն և գիտական ոլորտի զարգացման ներուժը և նշել․ «Կարևոր է համատեղ գիտական և հետազոտական կազմակերպությունների համագործակցության, նորերի ստեղծման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը կզարգացնի նաև գիտական ենթակառուցվածքները Հայաստանում»։ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները և տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջև համագործակցությունը։ Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում գործարար կապերի ամրապնդմանն ուղղված գործընթացների շուրջ և վստահեցրել, որ երկուստեք կիրականացվի հնարավորը՝ նպաստելու տարբեր ձևաչափերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Նմանատիպ նյութեր