211652_close_icon
views-count1043 դիտում article-date 17:30 30-10-2019

Հայաստանը Եթովպիայի հետ դարավոր բարեկամություն ունի. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Եթովպիայի դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուն (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա իր մասնագիտական փորձն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը: Նախագահի խոսքով՝ Եթովպիան աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի, երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ, փոխադարձ հարգանք, ընդհանուր պատմություն և քաղաքակրթություն, ինչը լավ հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար: Նախագահ Սարգսյանը ոգեշնչող է համարել հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Եթովպիայի գործադրած վճռական ջանքերը, որի համար վարչապետ Աբիյ Ահմեդին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Սա ցույց է տալիս, թե ինչպես երբեմն ոչ ստանդարտ մոտեցումները կարող են ավելի արդյունավետ լինել, քան ավանդական լուծումները»,- ընդգծել է նախագահը: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Նրանք համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի, կրթության, մշակույթի ոլորտներում երկու երկրները փոխգործակցության հսկայական ներուժ ունեն: «Ժամանակն է, որ դա լիովին իրացվի, և ստորագրված փաստաթղթերը վերածվեն գործնական քայլերի»,-ասել է նախագահ Սարգսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր