211652_close_icon
views-count1190 դիտում article-date 11:26 30-10-2019

Բակո Սահակյանը ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ բարեկամներ, Ի սրտե ողջունում եմ ձեզ՝ «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի բոլոր մասնակիցներիդ: Կրթության ոլորտը, իր առջև դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաև մեծապես կանխորոշում է երկրի ապագան: Այդ իսկ պատճառով ոլորտն ունի առանձնակի դերակատարություն և նշանակություն մեր ժողովրդի ու պետության համար: Հայ ժողովուրդը և նրա արցախյան հատվածը միշտ աչքի են ընկել իրենց մտավոր ներուժով: Մեր հայրենակիցները գիտության տարբեր ասպարեզներում հասել են մեծ բարձունքների, ճանաչում են ձեռք բերել ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս: Այդ ներուժի բացահայտումը, զարգացումը և կիրառումը պահանջում են համակարգված աշխատանք, սերտ փոխգործակցություն մայր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, տարբեր երկրների գիտա-կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատում եւ խորացում, առաջատար փորձի կիրառում: Այս տեսանկյունից կարևոր ու պահանջված է գիտական համաժողովների, սեմինարների և քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորը եւ համապարփակ ձեւով դիտարկել ոլորտում առկա խնդիրները, մշակել դրանց լուծման արդյունավետ տարբերակներ, մշտական կապ պահպանել ինստիտուցիոնալ և անհատական հարթություններում: Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ աշխատանք: Հաջողություններ և ամենայն բարիք բոլորիդ»:

Նմանատիպ նյութեր