211652_close_icon
views-count1779 դիտում article-date 21:58 29-10-2019

Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Արդեն մի քանի ամիս ուշադիր հետևում եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին: Շատ մտահոգված եմ մի կողմից կառավարության և խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև ընթացող բաց հակամարտությամբ: Վերջին իրադարձությունների արագ զարգացումն և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների խաղաղ կարգավորմանը: Ժողովրդավարությունում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և այդպիսով վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Սահմանադրական դատարանը պահպանող կառույց է, այն կոչված է պահպանելու սահմանադրական արժեքները: Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և պաշտոնյաները պետք է հարգեն իրենց սեփական իրավասությունները, պարտավորությունները և լիազորությունները, ինչպես նաև ճանաչեն և հարգեն մյուս հաստատություններինը: Նրանք պետք է ցուցաբերեն պատշաճ ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն հետևեն համապատասխան ընթացակարգերին և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ: Եթե սա տեղի չի ունենում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական հաստատությունների գործառույթները խաթարված են և վտանգված է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը: Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը լիցքաթափելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործողությունը վերահաստատելու համար»:

Նմանատիպ նյութեր