211652_close_icon
views-count1324 դիտում article-date 15:32 29-10-2019

Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի դեսպանին. քննարկվել են ՀՀ–ում նոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Կորեայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին, տեղեկացնում է փոխվարչապետի մամուլի գրասենյակը: Տիգրան Ավինյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակումը զգալի խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Սոկ-Բեն ասել է, որ ջանք չի խնայի հայ-կորեական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ և նշել, որ Կորեան պատրաստակամ է Հայաստանի հետ կիսվել իր փորձառությամբ: Փոխվարչապետը կարևորել է վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը, ինչը անհարժեշտ ազդակ և իրավական հիմք կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար: Տիգրան Ավինյանը նաև գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում առկա առաջխաղացման կապակցությամբ. 2019թ. առաջին կեսին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կորեացի զբոսաշրջիկների թվաքանակը ավելացել է 38%-ով: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու հարցը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Կորեական միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրած զարգացման աջակցության համար: Քննարկվել է գործակալության կողմից Հայաստանում նոր ծրագրերի իրականացումը: Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Տիգրան Ավինյանն առաջարկել է ուսումնասիրել կորեական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր