211652_close_icon
views-count762 դիտում article-date 16:43 28-10-2019

Երևան-Սոֆիա թռիչքները կնպաստեն տնտեսական, զբոսաշրջային համագործակցության զարգացմանը. ԱԳ նախարար

Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի այցը Հայաստան համալրում է երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Հայ բուլղարական հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա, ինչը հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների զարգացման համար»,-ասաց նախարարը: Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ բուլղարահայ գաղթօջախի պատմությունը սկիզբ է առնում 5-րդ դարից: Գոհունակությամբ արձանագրեց, որ հայ ժողովրդի ազգային հերոսներն իրենց ակտիվ մասնակացությունն են ունեցել բուլղար ժողովրդի ազատագրման գործում՝ արժանանալով բազում պետական պարգևների: «Համիդյան ջարդերից ու ցեղասպանությունից հետո բուլղար ժողովուրդն ընդունեց մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի: Այսպիսով` երկու ժողովուրդները նաև ճակատագրի բարեկամներ են»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները բազմաշերտ են ու հագեցած շփումներով: Հայ բուլղարական հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ ու ակտիվ մասն են կազմում Հայաստան-ԵՄ երկխոսության մեջ: Նա ուրախությամբ արձանագրեց, որ Բուլղարիան այն 16 պետություններից է, որը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: «Մեր տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն, դեռևս, առաջընթացը բավարար չենք կարող համարել: Այս առումով կարևոր ենք համարում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի 8-րդ նիստը կայացավ այս տարվա մարտին Երևանում: Անցկացված բիզնես ֆորումը կարևոր իրադարձություն էր երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ասաց նա: Նախարարն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում նաև ժողովուրդների, հասարակությունների միջև կապերի ամրապնդումն է: Այդ համատեքստում նա առանձնահատուկ կարևորեց նաև ուղիղ կապի ձևավորումը, այդ թվում, Երևան-Սոֆիա թռիչքների մեկնարկի միջոցով, ինչը կնպաստի տնտեսական, զբոսաշրջային ոլորտներում համագործակցության, մշակութային, մարդկային կապերի զարգացմանը: Որպես համագործակցության խոստումնալից բնագավառներ գործընկերներն առանձնացրեցին զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, բժշկության ոլորտները: «Որպես խորհրդարանական հանրապետություն, որը ընթանում է ժողովրդավարության ուղիով, Հայաստանը մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը: Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր: Այս տարի նախատեսվում է նաև Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի այցը Հայաստան: Մեր երկրները նաև ակտիվ համագործակցում են մշակութային, կրթական գիտական բնագավառներում»,-ասաց նախարար: Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպմանը ստորագրվել է երկու կարևոր փաստաթուղթ՝ Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների միջև Հայաստանի ու ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը: «Գործընկերոջս հետ անդրադարձ կատարեցինք տարածաշրջանայի և միջազգային օրակարգի հրատապ հարցերին: Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնց առանցքում ընկած են Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակն առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր