211652_close_icon
views-count8556 դիտում article-date 18:51 27-10-2019

Հրանտ Մաթևոսյան. Հոկտեմբերի 27-ի ազգային աղետը 29-ին պետք է բացահայտած, փակած, կնքած, պատմությանը հանձնած լինեինք

Մեծանուն գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանը, դեռևս 2002 թվականին, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հոկտեմբերի 27-ի սցենարը մենք բոլորս ենք գրել, արյունռուշտ մթնոլորտի ծնունդ էր Նաիրին, 27-ը պարպե՞ց այդ մթնոլորտը, թե՞ այն շարունակվում է», ասել է «Հարցիդ պատասխանել փորձեմ թուրքերի պատմությունից վերցված օրինակով. եթե կօգնի՝ լավ, եթե թրքաբար ինչպես միշտ կնենգի՝ որպես ինքնին փաստ սեփականություն կդառնա գոնե մի քիչ լայն շրջանակի: 1912-13-ի մի տարվա մեջ թուրքերը բալկանյան երկու պատերազմ են ունեցել ու երկուսում էլ շատ արագ պարտվել. երկրորդ պատերազմին, երբ հունաբալկանյան ուժերը բոլոր կողմերից օղակել էին և Սալոնիկը պիտի ընկներ՝ թուրքերի համար շատ կարևոր այդ նավահանգիստը, թուրքերի Սանկտ-Պետերբուրգը՝ իրենց կարծեմ միակ հածանավը երիտթուրքերը ուղարկեցին ոչ թե քաղաքի պաշտպանությունն ուժեղացնելու, այլ քաղաքից հանելու իրենց աքսորյալին՝ իրենց գահընկեց Աբդուլ Համիդին՝ իրենց թշնամուն, ում դեմ երեսուն տարի արյունոտ կռվի մեջ էին եղել և չորս տարի առաջ թախտընկեց էին արել, ով երկու տարի առաջ հակահեղափոխության ծանր ալիքով խփել ու գրեթե կործանել էր Պոլիսը: Ահա այս սուլթանին՝ ընտանյոք՝ օղակը ճեղքեցին ու Սալոնիկից հանեցին: Իրենց թշնամին չպետք է իրենց հակառակորդի ձեռքն ընկներ, իրենց աքսորած սուլթանը հիմա էլ հակառակորդի գերին չէր լինելու - երկրի ապահով խորքերում՝ Բուրսա՝ պետք է մարդու իր մնացյալ տարիներն ապրեր, գահընկեցի իր դավերը որոճար, սուլթանի իր չարությունը պոռթկար՝ թե ապիկար հիմարները ո՞ր հանդգնությամբ դրախտային Սալոնիկը հույն անարժանին թողեցին, նաև, կարծում եմ՝ թաքուն ուրախանար Էնվերի պետական խորամտության վրա՝ որ իրեն պետության գործերից հեռացվածին չհանձնեց Թուրքիայի թշնամիների ձեռքը, Թուրքիայի թշնամուն չզորացրեց իրենով՝ գահընկեց սուլթանով. իր ռևանշի ծանրակշիռ հնարավորությունը, իր վրեժի ու հնարավոր ռևանշի գործոնը չներառվեց թշնամական ուժերի զորանոց: Ահա թրքաբար նենգվեց: Իսկ ես ուզում էի տեսած ու հասկացած լինել միայն, որ երիտթուրքերն իրենց թեկուզ գահընկեց սուլթանին, որ իշխանական կառքի ճանապարհին ծանր քար էր ու պետական գանձարանի վրա ավելորդ ծանրություն, թշնամական գերության չեն քշել, չեն դարձրել վտարանդի: Բայց՝ ոչինչ. երկու ելքն էլ հանում են ազգային պատվախնդրության և իշխանական խորամիտ հաշվարկների մի ոլորտ, որ մեզնից անըմբռնելիորեն հեռու է: Մերն այդ չէ, մենք այդ չենք: Մերը - հալածյալներս և հալածողներս մեր գլուխներից վերև չունենք մեր Թուրքիան, նրա հպատակները չենք, նրա սաստից չենք երկյուղում և նրա սիրուց չենք մարդանում: Մեր հալածելը մինչև վերջ՝ մինչև փակուղի՝ մինչև ոչնչացումն՝ մինչև «հագարացվոց ճամբարն» է լինելու և մեր հալածվելը՝ փակուղում միայն ժանիքավորվելը, փակուղում միայն եղջյուրը թուր դարձրած շրջվելը՝ «հագարացվոց բանակի» գլուխն անցած: Հնազանդվել չկա, բանակցել չկա, խաղ ու խաղացկունություն չկա - մտքի՞ տկարություն է, լեզվի՞ տկարություն՝ որ բացատրելի է մոտավորապես այսպես. իշխող ազգային վերնախավի դարավոր բացակայությունը հետնորդներիս զրկել է թշնամության-բարեկամության իշխանական և՛ վարքից, և՛ լեզվից. բացատրելի է, բայց ազգային արատ է, որովհետև ինչ վերջանալու էր լեզվակռվով, վերջանում է արյունով: Թումանյանն ասում էր՝ «Խոսք եք կռվացրել, արյուն հո չարիք»: Ահա այս «խոսք կռվացնելու» մեծ շնորհքի բացակայությունը... Ֆոլքների պատմվածքը հիշեցի. որպեսզի անարգվածի և անարգողի «դեպքը» իր ցեղի ներսում սրանցից մեկնումեկի արյունով չկնքվի, ցեղապետը մեջտեղ մարտական աքաղաղների կռիվ է դնում, և որպեսզի հանուն արդարության հաղթի միայն ու միայն անարգվածը, ցեղապետը անարգողի մարտաքաղաղի դեմ հանել է տալիս իր աքաղաղը. մի տեսնես սրա ամեն մի խոցումի հետ ինչ ճիչ է ճչում անարգվածը, մյուսի տապալվելու հետ ինչ ցնծություն է ցնծում, մի տեսնես ինչ պար է պարում անշունչ թռչունի վրա. պիտի պարի, տրորի, ճխլի, տափակի, գետնի հետ կորցնի, ոչ եղել է, ոչ կա, իսկ ինքն ահա կա՝ քրտնած, հաղթական, ոխը բավարարած: Մերը - շնչի ծանրությո՞ւն ասեմ, մարդու և հանրության մեր իրոք ծանր բեռը թեթև սրտով քաշելու, «մեր ցավը հարավ քամուն տալու» ճիգի բացակայությո՞ւն, թե՞ ինչ-որ չկամություն՝ պոկել ինքը իրեն, մեր որոշ բարբառներ դեռ ինքը զինքն են ասում, ազատել ինքը զինքը իրենից զատ բոլոր մյուսներին նվաստացնելու, հաղթող թագավորի իր ոտքը բերելու ոչ ամենևին արքայական ամբարտավանությունից: Չկարողացավ հաղթել, չկարողացավ իր ոտքը բերել - մյուսի ինքնին ներկայությունը չի հանդուրժելու՝ ոչնչացնելու է: Չկարողացավ հնազանդվել, չկարողացավ բանակցել - լռելու ու լուռ ոխակալելու է: Թումանյանը մեր այդ բաց ամբարտավանությունը և նույնքան ասիական ոխակալությունը «ախտ» էր խարանում՝ վրիժառության ախտ. «Ավելի ևս զզվելին այն է, որ մեր մարդը սիրում է իր վրեժը լուծել ու հարվածը տալ ուրիշի ձեռքով՝ ինքը միշտ մութի մեջ»: Թուրքը մի լավ խոսք ունի. «Ճամփորդը ճամփին կլինի»: Հոկտեմբերի 27-ի ազգային աղետը 29-ին պետք է բացահայտած, փակած, կնքած, պատմությանը հանձնած և մենք արդեն երեք տարի հոգով աղքատների մեր ճանապարհին լինեինք՝ ջհանդամը թե մեր նույն երթի մեջ ունենալով մեղավոր ու անմեղ բոլորիս՝ դավադիրների և անտեղյակների, աղետի ահռելիության առջև շփոթահարների և մարդկային մեր որակը թաքուն զննողների: Դա իհարկե ինքնախաբեություն կլիներ, բայց կաթվածահարող բաներ կան, որոնց առջև առանց հանրությունների ինքնախաբեության անհնար է չշաղվել. օրինակ, հայոց զուլումի մեղքը թուրք հանրային միտքը տեղավորեց ժամանակի կառավարող կուսակցության մի նեղ շրջանակում և ինքը իր երթին մնաց. օրինակ, Երկրորդ համաշխարհայինի գեհենը գերման ժողովուրդը կցեց իր մի երկու խելագարին և ինքը իր ապաքինմանը կացավ. արյան ու մատնության ամբողջ տասնամյակներից մեր Նիկիտա Խրուշչովը մի կենտ 37 վերցրեց և մտավոր ու մարմնավոր սպանդի ամբողջ բանակներից՝ մի երկու գեներալի, մնացյալ երկու հարյուր միլիոնս մնալու էինք մեր տասնամյակների շքերթին: Շտկումները՝ հընթացս, ուղղումները՝ ճանապարհին, վիճարկումներն ու սակարկումները՝ հետո, մեղքի ու ապաշավանքի տվայտանքը՝ ժամանակի հետ, սերունդների հետ: Բոլոր երեք դեպքում էլ, բոլոր երեսուներեք ու երեք հարյուր երեսուներեք դեպքերում էլ հանրությունը չի տրոհվել, չի բզկտվել, ինքը իրեն չի գամել մեղքին ու մեղքի ժամանակին, ինքը իր աչքից չի ընկել - պահպանել է իր միության ու ընթացքի արժանապատվությունը: Ձեր հարցին ես կարող էի պատասխանել այսպես. «Մթնոլորտը, ոչ, չի պարպվել. դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու, Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու», մանավանդ որ Վանոն տարիներ առաջ նետել է. «Սեփականաշնորհման դաշտը մեզանում ականապատված է», իսկ ինչ Վանոն է իր նման կարճուկտրուկ ասել՝ քարին գրելիք ճշմարտություններ են: Կամ կպատասխանեի այսպես. «Ոչ պառլամենտում, ոչ այլուր ոչ մի պայթյուն չի լինելու. պահակություններն ուժեղացնելու, դարպասները գոցելու ու դժգոհ վնգստացողներին դրսերում թողած՝ բեկի իրենց հանգիստ մրափին են լինելու»: Եվ երկու դեպքում էլ Դուք դժգոհ չէիք մնա, քանի որ երկու դեպքում էլ մեր գալիք իրականությունից ներառված կլինեին բավական շատ դեպքեր ու դեմքեր: Բայց բանն այն է, որ մեզանում կաթվածահարվել է հենց ինքը մթնոլորտը. առաջամարտիկն արդեն ճանապարհը բացել է, և շատ հնարավոր է, որ վաղը ոմն մի ապուշ հանուն նույն առաջընթացի կրկնի ու երրորդի նրան, բայց այդ աղետների որոտը այլևս չի գլորվի մեր համազգային երկնքով մեկ, համազգային միասնական մեր մարմինը այլևս չի փշաքաղվի, այդ կրակահերթերը կլինեն մեր համազգայնորեն մեռած մարմնին, այդ պայթյունները մեզ համար կհնչեն որպես հեռավոր մի երկրում եղած կամ չեղած քստմնելի պատահարի լուր: Օտար երկի՞ր, անօդ տարածությո՞ւն՝ ուր իրողություններն ու իրերը լողում են իրենց կշիռն ու նշանակությունը կորցրած, թե՞ լուսնային ինչ-որ լանդշաֆտ՝ ուր ձայն ես տալիս և քո ձայնը չես լսում, հոկտեմբերի 27-ով ահա այս Հայաստանը գտան 27-ի զորավարները, 27-ից հետո ահա այս դարձանք մենք և երկիրը: 27-ին դեռ տանելի էր. աշխարհի պատմության մեջ չեղած և միայն սև մղձավանջով լեցուն գլուխներում եղած նախճիր էր, բայց կարելի էր ինքնախաբեությամբ զուգահեռներ անցկացնել՝ թե ահա այսինչ երկրներում էլ այս, այս, այս է եղել, և դրանով մխիթարվել. բայց այն՝ ինչ կատարվեց այս երեք տարվա մեջ, այն անվերականգնելի կորուստը՝ որ շերտ առ շերտ թափվեց ազգային մեր դիմապատկերից, ազգային ընդհանրական դիմապատկերի այն աղտոտումը՝ որ շերտերով ու ծալքերով մարդ առ մարդ փակչեց մեզ բոլորիս և քանի՜ տասնամյակում քանի՜ Սարյան ու Կոմիտաս ու Թումանյան ու Աբովյան ու Չարենց են ջանքով ու տանջանքով մաքրելու... այս կորուստն ահա՝ ինքնիշխանության այս վարկաբեկումը պատմությունը մեզ չի ներելու, ինչպես որ երկրաշարժը չներեց մեր կառույցների կեղծիքը: «Չորրորդ իշխանություն», NN 166-172, 2002թ.

Նմանատիպ նյութեր