211652_close_icon
views-count1096 դիտում article-date 16:05 25-10-2019

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարեւորում է Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կարեւոր հարթակ է հանդիսանում երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացման եւ համագործակցության ընդլայնման համար: Աժ նախագահը արժեւորել է նաեւ Սլովենիայի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում: Այս առումով Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն իսկ գործում է Հայաստան-Սլովենիա միջխորհրդարանական բարեկամական խումբը, որը Սլովենիայի խորհրդարանում դեռեւս ձեւավորված չէ: Սրան ի պատասխան՝ Դեժան Ժիդանը նշել է, որ Սլովենիայի խորհրդարանում արդեն իսկ սկսել են բարեկամության խմբի ձեւավորման աշխատանքները: Զրուցակիցները խոսել են Սլովենիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման մասին, որը ամուր իրավական հիմք է հանդիսանում Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը հորդորել է հնարավորինս շուտ վավերացնել այն, ինչին ի պատասխան Սլովենիայի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ կառավարությունից ստանալուն պես այն կվավերացվի շատ կարճ ժամկետում: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը ՀՀ-ի համար հատուկ կարեւորություն է ներկայացնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր