211652_close_icon
views-count2804 դիտում article-date 17:00 24-10-2019

Գյուղացուն ասում ենք՝ ապահովագրեք ձեր հողը, որ երբ կարկուտը գա, դուք ոչ թե 30 հազար, այլ 600 հազար դրամ ստանաք.Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը: Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Վերջինս նշեց, որ հոկտեմբերի սկզբից ապահովագրական պոլիսներ են վաճառվում 6 մարզերում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ, կարկուտից, իսկ երկու մարզում՝ Արարատում և Արմավիրում, գարնանային վաղ ցրտահարության դեպքերի առնչությամբ: «Մենք KfW բանկի աջակցությամբ սուբսիդավորում ենք այդ ապահովագրավճարների կեսը՝ 50-60 տոկոսը: Այս որոշումն այն մասին է, թե այդ սուբսիդավորվող գումարն ինչ եղանակով պետք է փոխանցենք ապահովագրող կազմակերպություններին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բանաձև կա և գյուղացին ամեն հեկտարի համար կարող է 500-600 հազար դրամի փոխհատուցում ստանալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով թեմային ասաց, որ մինչև հիմա եթե աղետ էր լինում, կարկուտը բերքը փչացնում էր, պետությունը կորստի չնչին մասի չափով փոխհատուցում էր տալիս, իսկ հիմա ապահովագրական պոլիսների դեպքում՝ պետությունը վնասը 50-60 տոկոսն ինքն է վճարելու. «Դրա համար բյուջեում նախատեսում ենք միջոցներ: Հիմա այն մարզերում, որտեղ այս հնարավորությունը կա, խոսակցությունները փակվում են, որ կառավարությունը պետք է գյուղացուն փոխհատուցում տա կարկուտի դեպքում: Սա մենք անում ենք նրա համար, որ գյուղացին ոչ թե իր կորցրածի 1 տոկոսի չափով օգնություն ստանա, այլ ապահովագրական ռեալ փոխհատուցում ստանա իր կորցրած բերքի համար: Այսինքն մենք գյուղացուն ասում ենք՝ ապահովագրեք ձեր հողը, որ երբ կարկուտը գա, դուք ոչ թե 30 հազար դրամ ստանաք, այլ 500-600 հազար դրամ»:

Նմանատիպ նյութեր