211652_close_icon
views-count1443 դիտում article-date 19:19 23-10-2019

Պետությունը խտրականություն չի դնի օրինական դաշտում աշխատող գործարարների նկատմամբ

Պետությունը բիզնեսի ոլորտում պաշտպանում է սեփականության անձեռնմխելիության իրավունքը, և բոլորին հորդորում գործել օրինական դաշտում, նոր կանոնների համաձայն: «[url=https://armenpress.am/arm/news/992692.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Արման Բաբաջանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք երկարաժամկետ կտրվածքով կա տեսլական, որ նախկին օլիգարխներն իրենց աջակցությունը բերեն, ներդրում կատարեն տնտեսության, ենթակառուցվածքների մեջ: Վարչապետը շեշտեց՝ պետք է փոխել ընկալումների ռեժիմը: « Հարցը հետևյալն է՝ ընկերությունը, խոշոր գործարարն արդյոք աշխատում է օրինական դաշտում և իր հարկային պարտավորությունները կատարում է, թե ոչ: Ես չեմ կարծում, որ մենք պետք է տնտեսությունը և տնտեսավարողներին անընդհատ պահենք լարված վիճակում: Մենք շատ հստակ այս մեկ ու կես տարվա ընթացքում ցույց ենք տվել, որ սեփականության անձեռնմխելիության իրավունքը պաշտպանում ենք հստակ: Ես արդեն մի քանի անգամ հրապարակել եմ այն կանոնները, որով բիզնեսը պետք է աշխատի, դրանք են՝ մի գողացիր, եղիր արդյունավետ, եղիր նորարար և համագործակցող: Եվ այսօր էլ շատ խոշոր ներդրումներ տեղի են ունենում և տեղի են ունենալու»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ պետությունը պետք է ենթակառուցվածքային ներդրումներ անի, չնայած կարող է գործել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմը: Փաշինյանը շեշտեց՝ այս պահին Հայաստանի նկատմամբ կա որոշակի ներդրումային հետաքրքրություն, դրա մասին վկայում է նաև եվրաբոնդերի վաճառքի մեր ցուցանիշը: Բաբաջանյանը հստակեցրեց հարցը՝ խոսքն այսօր գործող տնտեսավարողների մասին չէ, այլ նախկինի, որոնք տնտեսությանը հասցրել են անդառնալի վնաս: Պատգամավորի կարծիքով՝ այդ անձինք պետք է մասնակցեն ենթակառուցվածքային ներդրումներին: Վարչապետը նշեց, որ կա վարքագծի հարց, որն այնքան էլ պարզ հարց չէ: «Կա ընկերություն, որն ակնհայտ կոռուպցիոն մեխանիզմներով գործունեություն է ծավալել, և նրա նկատմամբ կա հարուցված քրեական գործ: Սակայն մեր տնտեսագետներն ասում են, որ եթե այդ ընկերությունը հանկարծ սնանկանա, ապա դա տնտեսությանը կբերի բացասական հետևանքներ: Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ թող աշխատեն շատ, շատ հարկեր վճարեն, ենթակառուցվածքային ներդրումները կառավարությունը կանի, դա խնդիր չէ: Հարստացեք և հարստացրեք: Մեր խնդիրն է նաև, որ փոքր բիզնեսը դառնա միջին, միջինը՝ խոշոր բիզնես: Եվ ես չէի ցանկանա, որ խտրականություն դնեինք այն գործարարների նկատմամբ, ովքեր գործում են օրինական դաշտում: Ովքեր օրինական դաշտում չեն գործում, պետք է գան օրինական դաշտ և նոր կանոնների շրջանակում աշխատեն»,-եզրափակեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր