211652_close_icon
views-count911 դիտում article-date 18:35 23-10-2019

Շարունակվում է Հայաստան-ԵՄ արդյունավետ տնտեսական երկխոսությունը․ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։ Նախարարն իր խոսքում նշել է․ «Շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերը կառավարության միջազգային աջակցության պորտֆելում իրականացվող ամենածավալուն և ամենամեծ ազդեցության ծրագրերից են, որոնք ներառում են մեր քաղաքականության առաջնահերթ ուղղություններով համատեղ ջանքեր և միտված են երկրում բիզնես և ներդրումային միջավայրի բարեմավմանը»։ Էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է մրցունակ տնտեսություն ունենալու հարցում նորարարությունների դերը և շեշտել, որ այդ համատեքստում մրցունակ և արդյունավետ պետք է լինի նաև կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը։ Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները։ Մենք արդեն համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն շատ կարևոր է հետագա համագործակցության խորացումն ու ամրապնդումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով»։ Դեսպանը նշել է, որ ցանկացած նախաձեռնություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կա շարունակականություն և կարևորել այն հետևողական քայլերը, որոնք պետք է անի կառավարությունը ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի զարգացման համար։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է նախարարությունների համատեղ փոխգործակցության ամրապնդումն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Նախարարը կարևորել է առաջընթացի ապահովման գործում փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետների դերը առաջիկա անելիքներում և բարձր գնահատել խորհրդատվական աջակցության շուրջ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը: «Փորձագետների նման խումբը մշտապես բաձր հարթակում մեզ և ձեզ ֆունկցիոնալ աջակցություն կտրամադրի», - նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, հյուրերին ներկայացրել է ընթացիկ ծրագրերի կարևորությունը և օրակարգային հիմնական տնտեսական առաջնահերթությունները՝ պլանավորվող ներդրումային և բիզնես համաժողովների, ՓՄՁ ոլորտի զարգացման, զբոսաշրջության ոլորտի աջակցության հնարավորությունների և մի շարք այլ հարցերի հետ կապված։ Դեսպանը նշել է, որ ՓՄՁ զարգացումը հատկապես կարևոր է ապակենտրոնացման, տարածքային զարգացման տեսանկյունից, որը կարող է դառնալ նաև գործազրկության նվազման կարևոր պայման։ Նա անդրադարձել է մասնագիտական կրթության կարևորությանը, Հայաստանում կրեատիվ բիզնեսի, օրգանական սնունդի արտադրության, գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժին և կարևորել հատկապես մարզերում ենթակառուցվածքների զարգացումը: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրերի իրականացման գործում աջակցելու պատրաստակամության համար և նշել, որ այն թիմը, որը ձևավորված է նախարարությունում, նույնքան պատրաստակամ է ու բաց, նաև շահագրգռված՝ կառույցի հետ ակտիվ համագործակցելու երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր