211652_close_icon
views-count1422 դիտում article-date 10:37 23-10-2019

Կառավարությունը վախենում է պոպուլիստների բարձրացնելիք աղմուկից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1) Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել ուժայինների ղեկավարները: Այստեղ չկա բավարար բացատրություն: Ամենաշատը իշխանության ներկայացուցիչները խոսում են ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին: Եթե բառային շղարշից փորձենք առանձնացնել իմաստը, ապա իշխանական վարկածները երկուսն են. ա/ բավականաչափ ջանադիր չէր՝ «նախկինների» դեմ քրեական հետապնդումներ կազմակերպելու հարցում, բ/ նա դավադրության մի մասն է, որը կազմակերպել էր Մոսկվան և որի նպատակն էր պետական հեղաշրջում իրականացնել: Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասին իշխանությունն ու նրա կողմնակիցներն առանձնապես չեն խոսում, բայց հիմնականում ակնարկները վերը նշված «ա» կետի ուղղությամբ են: Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում: Անձամբ ճանաչում եմ նրան 1992 թվականից. իմ տպավորությամբ նա հայրենասեր, գործին նվիրված, պարկեշտ և պատասխանատու անձնավորություն է: Թե ինչ սխալ արարք կարող էր կատարել, չեմ կարող պատկերացնել: 2) Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովն աշխատում է արդեն 5 ամիս: Այն, ինչ քննում է տվյալ հանձնաժողովը, պետական (ռազմական) գաղտնիք է: Իսկապես, հնարավոր չէ հրապարակավ խոսել ռազմական գործողությունների ընթացքում թույլ տրված մեր սխալների և գուցե նաև՝ հանցագործությունների մասին՝ չվնասելով մեր անվտանգությունը: Այդ հարցերին երևի պատմաբաններն անդրադառնան 30-40 տարի հետո: Բայց եթե հնարավոր չէ քննվող նյութի մասին հրապարակավ խոսել, ապա ո՞րն է հանձնաժողովի նպատակը: Վառ պահել ժողովրդի ատելությո՞ւնը «նախկինների» նկատմամբ: Այդ զգացմունքներն առանց այդ էլ վառ են և այդպիսին կմնան ևս 2-3 տարի: Դրանից հետո աստիճանաբար կմարեն, և ոչ մի քարոզչություն չի օգնի: Բայց ենթադրենք, հանձնաժողովն ի վերջո եզրակացություն է հրապարակում, որ այսինչը ազգի դավաճան է, իսկ այնինչը՝ գող-ավազակ: Որո՞նք են նման եզրակացության հիմքերը: Դրանք գաղտնի են: 3) Եվ վերջին հարցը, որտեղ կառավարությունն, ըստ էության, կարծում եմ, ճիշտ է: Բազմիցս գրել եմ, որ նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը պետք է էականորեն բարձրացնել: Երբ չկա կոռուպցիա, երբ չկան «սև ծրարներ» (որոնք ի վերջո նույն կոռուպցիոն փողերից են առաջանում), ապա ինչո՞ւ պետք է լավ մասնագետը, որը մասնավոր հիմնարկում ստանում է մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ, համաձայնի նախարար աշխատել 2-3 անգամ ավելի փոքր վարձատրությամբ: Այս առումով՝ աշխատավարձ բարձրացնելու քայլը ողջունելի է: Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դա արվում թաքուն: Պատասխանը պարզ է. կառավարությունը վախենում է պոպուլիստների բարձրացնելիք աղմուկից: Բայց դրանից պետք չէ վախենալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր