211652_close_icon
views-count1846 դիտում article-date 09:13 23-10-2019

Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում․ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»

«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույն հնարավորությունն ունի իրական ժողովրդավարություն բերելու, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից երեքշաբթի կազմակերպված լսումների ընթացքում հայտարարել է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը. «Հայաստանին անհրաժեշտ է օգնել հաջողություն արձանագրել և դա միայն հայերի համար չէ կարևոր: Հայաստանի հաջողությունն անչափ կարևոր է ԱՄՆ-ի և Եվրամիության համար, որպես օրինակ Եվրասիայում և գլոբալ առումով, որ ժողովրդավարության հաղթանակը հնարավոր է»: Կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրը, ով օրերս էր վերադարձել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից, նշեց. Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» կրկին անգամ բոլոր երկրներին ժողովրդավարություն հաստատելու հույս տվեց: Միևնույն ժամանակ, կոնգրեսականը համոզված է, հեղափոխության արդյունքում բացված հնարավորությունը եզակի է և անհրաժեշտ է արագ բարեփոխումներ իրականացնել: Միացյալ Նահանգները նույնպես պետք է Հայաստանին ակտիվ աջակցություն ցուցաբերի, համոզված է Կանչելյան-Սփիրը. «Մենք պետք է շարունակենք աջակցել Հայաստանի առաջընթացին, օգնել կառավարությանը և հայ խորհրդարանականներին»: Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայաստանի խորհրդարանականներին աջակցության լայն ծրագրեր ունեն, լսումների ընթացքում նշեց Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը. «Հույս ունեմ, որ թե Հելսինկյան կոմիտեի և թե մեր խմբի ջանքերով հնարավոր կլինի Հայաստանին աջակցություն ցուցաբերել, զարգացնել արդեն իսկ արձանագրված հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը և խթանել ժողովրդավարության ամրապնդումը»: Լսումներին հրավիրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները պատրանք չունեն և գիտակցում են երկրի զարգացման ճանապարհի բոլոր դժվարությունները. «Սակայն, մենք գիտակցում ենք նաև, որ մեր սերնդի համար սա վերջին հնարավորությունն է իրականացնել Հայաստանում ամուր ժողովրդավարություն կառուցելու կարևորագույն առաջադրանքը»: Դանիելյանի խոսքով, միայն ժողովրդավար Հայաստանը կարող է դիմակայել երկրի առջև եղած մարտահրավերներին: Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը հիշատակելով անկախացումից ի վեր Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նշեց. «Կասկած չկա, հեղափոխությունն իրականացվել էր բացառապես Հայաստանի ներքին ուժերով, սակայն, այն հնարավոր չէր լինի առանց հսկայական աջակցության, որը Հայաստանի քաղհասարակությանը տրամադրում էր բոլոր տարիների ընթացքում նաև Միացյալ Նահանգները»: Խոսելով «Թավշյա հեղափոխության» առջև առկա ներքին խոչընդոտների մասին, «Իրազեկ Քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց նախկին իշխանություններին. «Նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են կանգնեցնել ժողովրդավարական վերափոխումները: Այս խմբերը շարունակում են հսկա ֆինանսական ռեսուրսների տիրապետել, նրանք շատ արդյունավետ են գործում առցանց և լրատվական ոլորտներում և վայելում են Ռուսաստանի աջակցությունը: Այս կապակցությամբ, արդյունավետ կլիներ սառեցնել ԱՄՆ-ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը, որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախախտումներ գործելու համար»: Ժողովրդավարության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկոյն իր կողմից նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է օգնել բարձրացնել խորհրդարանի դերը՝ նորընտիր խորհրդարանականները երիտասարդ և կիրթ մարդիկ են, ում ձեռքում է երկրի ապագան: Հայաստանի ձեռքբերումների թվում Լանսկոյը նշեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացը. «Հայաստանն իր նախկին նախագահին դատարանի առաջ է կանգնեցրել, դա հսկայական ձեռքբերում է: Դեռևս ոչ մի հետխորհրդային երկրում նախագահ չի դատվել: Քոչարյանը Պուտինի ընկերն է և ոչ ոք չէր սպասում, որ Հայաստանը կարող է դա անել»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5135614.html]«Ամերիկայի ձայն»[/url]։

Նմանատիպ նյութեր