211652_close_icon
views-count1221 դիտում article-date 21:24 22-10-2019

Միջազգային կազմակերպությունները մասնակցել են ՓՄՁ զարգացման հնգամյա ռազմավարության քննարկմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ոլորտային ռազմավարությունների քննարկումների շրջանակում հոկտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների, միջազգային զարգացման կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության» նախագիծը՝ նշելով, որ այն նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով: Քննարկման ընթացքում փոխնախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին և անդրադարձել ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին, ձևաչափին, ինչպես նաև նրանց ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։ Քննարկումը կազմակերպվել էր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, միջազգային գործընկերների և ՀՀ կառավարության միջև համագործակցության ձևաչափի շրջանակում։

Նմանատիպ նյութեր