211652_close_icon
views-count1384 դիտում article-date 20:51 22-10-2019

Մարտավարամասնագիտական զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության զորքերում զինծառայողների ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հատուկ պատրաստության նպատակով պարբերաբար մարտավարամասնագիտական զորավարժություններ են կազմակերպվում: Հոկտեմբերի 21-ին ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի գլխավորությամբ հերթական զորավարժությունն անցկացվեց հասարակական կարգի պահպանության զորամասում: Ըստ պայմանական իրադրության` քաղաքի բանուկ հատվածներից մեկում չարտոնված հավաքը դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից, մասսայական անկարգություններ են տեղի ունենում, և հասարակական կարգը վերականգնելու անհրաժեշտություն կա: Հատուկ օպերացիայի կազմակերպումից առաջ զորամասի հրամանատարը զորքերի ղեկավար կազմին է ներկայացնում ստեղծված իրավիճակը, անկարգություններ հրահրող անձանց գործողությունների բնույթը: Որոշվում է, որ օպերացիան պետք է անցկացնի երրորդ գումարտակը: Գումարտակի հրամանատարը զեկուցում է ղեկավար կազմին, թե խմբակային խախտումների ակտիվ մասնակիցներին և կազմակերպիչներին մեկուսացնելու ուղղությամբ ինչ գործողություններ են պատրաստվում ծավալել` միաժամանկ ներկայացնելով, թե, ինչպիսի հատուկ միջոցներ ու մարտական ինչ տեխնիկա է անհրաժեշտ, ուժերի տեղաբաշխումն ինչպես է պատկերացնում: Օպերատիվ պլանը հավանության է արժանանում: Հատուկ գումարտակն անցնում է առաջադրված խնդրի իրականացմանը: Հասարակական կարգը պայմանականորեն խախտածները նույնպես ոստիկաններ են, միայն թե` քաղաքացիական հագուկապով: Ոստիկանների զգուշացումներին հակառակ` մասսայական անկարգությունները շարունակվում են: Կարգազանցների ձեռքին մահակներ և վառելանյութով շշեր կան: Նախազգուշացնելուց և բավարար ժամանակ տալուց հետո ոստիկանության զորքերի ծառայողները սկսում են համապատասխան միջոցներ ձեռնարկել: Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա... Հասարակական կարգի խմբակային խախտումների ակտիվ մասնակիցները մեկուսացվում են և տեղափոխվում ոստիկանության տարածքային բաժիններ: Հասարակական կարգը վերականգնված է: Հնարավոր անկարգություններից խուսափելու համար ոստիկանները փշալարերով փակում են փողոցը` ենթադրյալ փողոցը: Չէ՞ որ այս ամենը վարժանք է` գործող անձինք ու հանգամանքերը` պայմանական: Միջոցառումից անմիջապես հետո հրամանատարական կազմը ամփոփեց զորավարժության արդյունքները: Մարտական առաջադրանքը կատարված էր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր