211652_close_icon
views-count1044 դիտում article-date 17:09 21-10-2019

«Մարդասիրական գործունեությունը չավարտվող աշխատանք է». «Ավրորայի» դափնեկիր Միրզա Դինայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ, «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրները, դասախոսներ և ուսանողներ: Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ-ն հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում սիրով հյուրընկալել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության հաղթողին, իսկ 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են մինչև տարվա վերջ: Հանդիպման սկզբում ներկաները դիտեցին տեսանյութ Միրզա Դինայիի հիմնադրած «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության գործունեության և ցուցաբերած մարդասիրական օգնության մասին: «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ Սիրիայում և Իրաքում, կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի ներկայացուցիչներին։ Միրզա Դինային փրկել է ավելի քան 1.500 մարդկանց, հիմնականում կանանց և երեխաների՝ օգնելով վերականգնողական բուժում ստանալ Գերմանիայում: Դասախոսության սկզբում Միրզա Դինային շնորհակալություն հայտնեց հրավերի համար և շնորհավորեց ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակը, որից հետո ներկայացրեց իր գործունեությունն ու ապագայի ծրագրերը: Այն հարցին, թե ինչպիսի զգացողություն ուներ, երբ հաղթողի անվանակարգում բեմից իր անունը հնչեցրին, Միրզա Դինային նշեց, որ շատ անսպասելի էր իր համար: «Մարդասիրական գործունեությամբ զբաղվելն իմ կյանքի կարևորագույն մասն է, և ես «Ավրորա»-ն երբեք մրցույթ չեմ համարել,- ասաց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը,- երբ բեմից իմ անունը հնչեցրին, ես ասացի, որ իմ մյուս գործընկերները նույնպես արժանի են այս մրցանակին»: Խոսելով իր նպատակների մասին՝ Միրզա Դինային նշեց, որ «Ավրորա»-ն իրեն մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար մեծ հարթակ է տրամադրել: «Ինձ համար «Ավրորա» ընտանիքի անդամ լինելը շատ պարտավորեցնող է, և ես փորձելու եմ այս ընթացքում ընտանիքի լավ անդամ դառնալ»,- ասաց նա: Խոսելով ահաբեկիչների ձեռքից մազապուրծ եղածներին ցուցաբերած օգնության մասին՝ դափնեկիրը ներկայացրեց մի քանի կազմակերպություններ և ծրագրեր, որոնց շնորհիվ կանանց և երեխաներին տրամադրվել է սոցիալական ու հոգեբանական օգնություն: «Այս պահին մենք աշխատում ենք երեք կազմակերպությունների հետ, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տուժածներին, այդ կազմակերպություններն են «ՍԻԴ» (SEED Foundation) և «Շայ» (Shai Fund) հիմնադրամները, «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը (Luftbrücke Irak)»,- պարզաբանեց Միրզա Դինային: Հյուրը պատասխանեց նաև ուսանողներին հուզող հարցերին՝ ներկայացնելով գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հաղթահարման ուղիները, նշելով, որ մարդասիրական գործունեությունը պատասխանատվություն և շարունակական աշխատանք է ենթադրում, և եթե մարդը որոշել է զբաղվել մարդասիրությամբ, ուրեմն պետք է հստակ գիտակցի, որ դա ողջ կյանքի համար է: «Մարդասիրական գործունեությունը չավարտվող աշխատանք է»,- վերջում նշեց Միրզա Դինային:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր