211652_close_icon
views-count10782 դիտում article-date 23:06 20-10-2019

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) [url=https://europeanjournalists.org/blog/2019/10/08/armenia-journalists-union-denounced-attack-on-pro-opposition-online-portal-hayeli/]հայտարարություն[/url] է տարածել «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ՝ դատապարտելով այն։ Հայտարարությունում ասվում է. «Կառավարության աջակիցների մի խումբ հոկտեմբերի 5-ին հարձակում է գործել առցանց լրատվամիջոց «Հայելի» ակումբի վրա, որը բավականին քննադատական վերաբերմունք ունի հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Խումբը ձվեր է նետել մայրաքաղաք Երևանում գտնվող գրասենյակի ուղղությամբ և մուտքի մոտ փակցրել վիրավորական պաստառներ: Չորս կասկածյալները հայտնի են՝ որպես ՀՀ վարչապետի աջակիցներ, և բողոքում էին ընդդեմ նախորդ շաբաթ կայքում հրապարակված նյութի վերնագրի, որը նրանք համարում են ադրբեջանամետ. «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերնագրի մասին է խոսքը: Հոդվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային արձագանքն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը: «Նրանց բախտը բերել է, որ դուռը փակ էր: Մենք պատրաստվում էինք նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ»,- ասաց հարձակում գործած երիտասարդներից մեկը, իսկ մյուսը պահանջեց, որ լրատվամիջոցը պետք է փակվի: «Հայելի» ակումբը արարքը բնութագրեց՝ որպես քաղաքական հետապնդում, և իրավապահ մարմիններին կոչ արեց համապատասխան գործողություններ նախաձեռնել: Ոստիկանությունը քննում է լրագրողների մասնագիտական և օրինական աշխատանքի խոչընդոտման փորձի վերաբերյալ նյութերը, ինչը Հայաստանում հանցագործություն է համարվում: Չորս երիտասարդները հարցաքննվել և ստորագրությամբ ազատ են արձակվել: Հարձակումը դատապարտվել է ՀՀ օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների և կառավարության մի շարք անդամների կողմից: Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է իր հայաստանյան գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով այս հարձակումը: Մեր գործընկերներն իշխանություններից պահանջում են ապահովել լրագրողների անվտանգությունը: Այս հարձակումը Հայաստանում լրատվամիջոցների շուրջ լարված մթնոլորտի ընդամենը մի օրինակ է, որտեղ վերջին ամիսներին լրագրողների, մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված հռետորաբանությունն ու ատելության խոսքն ավելանում են»:

Նմանատիպ նյութեր