211652_close_icon
views-count3343 դիտում article-date 19:11 20-10-2019

Մարիա Կարապետյան. Կուսակցական առուծախի արդյունքում Սահմանադրական դատարանում հայտնված անձիք ամեն քայլափոխի պետք է բախում ունենան իրենց անցյալի հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Սահմանադրական դատարանի ճգնաժամը երկու մասշտաբ ունի։ Մեծ մասշտաբը այդ մարմնի արատավոր ծագումնաբանությունն է և լեգիտիմության բացակայությունը, որի հանգուցալուծումը կարող է լինել Սահմանադրության փոփոխությունը կամ այլ արմատական քայլ։ Փոքր մասշտաբը այդ արատի ընթացիկ դրսևորումներն են՝ կլինի դա անզսպվածության արդյունքում արատավոր անցյալը պաշտպանելու մղումով արված քաղաքական հայտարարություն, գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին լռություն, բացահայտվող քրեական գործերում ներգրավվածություն և այլն։ Պարզ է, որ կուսակցական առուծախի արդյունքում Սահմանադրական դատարանում հայտնված անձիք ամեն քայլափոխի պետք է ունենան իրենց անցյալի հետ բախում։ Մի թյուր կարծիք կա, թե Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու ճանապարհին փոքր մասշտաբի առանձին հարցեր բարձրացնելը լեգիտիմություն է հաղորդում այդ անձանց։ Իրականում շատ ճգնաժամներ իրենց ամբողջական հանգուցալուծումը գտնում են ծայրաստիճան սրվելու արդյունքում, և այս փոքր մասշտաբի առանձին հարցերը ընդամենը նպաստում են այդ գործընթացին՝ սրում խնդիրը և արդարացնում արմատական լուծումը։ Մի՞թե երբ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարանի երեք անդամների՝ գործերից մեկի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ, նա որևէ կերպ լեգիտիմություն էր հաղորդել այդ անձանց։ Իհարկե ոչ։ Նույն կերպ Ազգային ժողովի դիմումը Հրայր Թովմասյանի կողմից էական կարգապահական խախում թույլ տալու վերաբերյալ որևէ կերպ լեգիտիմություն չի հաղորդել Սահմանադրական դատարանին։ Եթե նույնիսկ ինչ-որ ֆանտաստիկ սցենարով Ազգային ժողովը հայտարարություն ընդուներ, իբր թե Սահմանադրական դատարանը լեգիտիմ է, սա նույնպես չէր կարող լուծել նման խնդիր։ Բոլորս էլ գիտենք՝ լեգիտիմության միակ աղբյուրը որտեղ է։ Այնուամենայնիվ կցանկանայի անդրադառնալ Ազգային ժողովի դիմումին՝ այդ անձանց պատասխանին, որովհետև այն ողբերգության աստիճան զվարճալի է։ «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, և Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:»,- ասվում է պատասխանում։ Ի՞նչ հիմավորումներ են ներկայացրել նրանք նման պնդում անելու համար։ Նրանք գտել են, որ քանի որ դիմումում օգտագործված են թե՛ «դատավոր», թե՛ «անդամ» եզրույթները որպես հոմանիշներ, դիմումը չի համապատասխանում գործող օրենքների բառապաշարին։ Փաստորեն նրանք ուրանում են նաև Հրայր Թովմասյանի Սահմանադրությունը, որտեղ հենց այդ նույն մոտեցումն է՝ օգտագործված են թե՛ «անդամ», թե՛ «դատավոր» եզրույթները։ Նշեմ նաև, որ դիմումում հստակ արձանագրված էր, որ այդ խնդրին այս դիմումը չի անդրադառնում։ Հաջորդ «թերությունը», որ նրանք գտել են լեզվաբանական վարժությունների արդյունքում «առերևույթ» բառն է։ Ասում են, որ քանի որ դուք դիմել եք «առերևույթ էական կարգապահական խախտում կատարելու» հիմքով, այլ ոչ թե պարզապես «էական կարգապահական խախտում կատարելու» հիմքով, ուրեմն դիմումը չի համապատասխանում օրենքին։ Հաջորդ «հիմնավորումը» երևի թե հղացել է մեկը, ով նախորդ երկու հիմնավորումների հետ համաձայն չի եղել և առաջարկել է իր տարբերակը։ Ասում է՝ Ազգային ժողովը իրավասու կլիներ դիմել Սահմանադրական դատարան միայն այն պարագայում, եթե Սահմանադրական դատարանը արդեն իսկ որոշած լիներ դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել։ Իբր թե սա Սահմանադրական դատարանի անկախության երաշխիք է։ Պատկերացնո՞ւմ եք Ազգային ժողովի՝ Սահմանդրական դատարան դիմելու իրավունքի ինչպիսի սահմանափակում են երևակայում այս անձիք։ Սովորաբար Ազգային ժողովի Սահմանադրական դատարան դիմումը դեռ պետք է քննություն անցի և նոր որոշում կայացվի։ Բայց պարզվո՜ւմ է՝ Ազգային ժողովը կարող է Սահմանադրական դատարան դիմել, եթե Սահմանադրական դատարանը արդեն իսկ նմանատիպ որոշումը կայացրել է։ Հաջորդ «հիմանավորումը» ևս հղացել է նախորդ հիմանվորումների հետ անհամաձայն մեկը, ըստ որի Ազգային ժողովը իհարկե կարող է դիմել, պարզապես ժամկետներն են խախտվել։ Երևի այս մեկը նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացած անձի միտքն է։ Սա այն երկշաբաթյա հեքիաթն է, որին դիմումի մեջ ի սկզբանե անդրադարձ կար՝ հիմնավորելով, որ երկշաբաթյա ժամկետը սկսում է հոսել, երբ էական կարգապահական խախտում համարվող արարքը ամբողջանում է, իսկ այդ պահը եղել է սեպտեմբերի 6-ը։ Ամենակարևորը, որ նրանք նաև գտել են, որ «Սահմանադրական դատարանը գործի քննության ներկա փուլում չի կարող ըստ էության անդրադառնալ, գնահատել դրանց արժանահավատությունը և Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին վերագրելիությունը»։ Չի կարող անդրադառնալ գործի քննության ներկա՞ փուլում։ Ուրախալի է, որ այս անձիք շուտով այլևս հնարավորություն չեն ունենա անդրադառնալու որևէ հարցի»։

Նմանատիպ նյութեր