211652_close_icon
views-count5400 դիտում article-date 17:16 20-10-2019

Հաջողված բիզնեսի սեփական փորձով կիսվում է գործարար, «ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովը. internest.am

– Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել հենց անշարժ գույքով: – Շատ պատահական ստացվեց։ Ոստիկանությունում էի աշխատում՝ Պետական Պահպանության Գլխավոր Վարչությունում, կարևորագույն օբյեկտների պահպանության գնդում: Աշխատանքս հերթափոխով էր՝ 2 օրը մեկ կամ 3 օրը մեկ տարբերակով: Ազատ ժամանակ օգնում էի ընկերոջս փոքրիկ անշարժ գույքի գործակալությունում․ այցելում էի, ուսումնասիրում և զուգահեռաբար օգնում: Եկավ մի շրջան, երբ այնտեղ ավելի շատ կարող էի գումար վաստակել (մոտ 3-4 անգամ ավելի), քան ոստիկանությունում: Դե, քանի որ ոստիկանության օրենքով արգելված է այլ զբաղվածություն ունենալ, պարզապես որոշեցի թողնել այդ աշխատանքը: Այդ ընթացքում ընկերոջս գործակալությունը փակվեց, և ստիպված սկսեցի աշխատել որպես անհատ գործակալ: Ինքս էի զբաղվում գովազդով և բոլոր հարցերով: Աշխատանքային միակ գործիքս հեռախոսն էր, նույնիսկ փոխադրամիջոց չունեի, ավելին՝ գտնվում էի ծանր ֆինանսական դրության մեջ: Այդ դրության մեջ, սակայն, մի բանում էի համոզվել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ի դեպ, գովազդում էի ամենաէժան և արդյունավետ տարբերակով՝ թռուցիկներ էի փակցնում տների շրջակայքում գտնվող վահանակների սյուներին: Իսկ եթե ինքս էի հայտարարություններ գտնում, նկարում էի ու տեղադրում անվճար կայքերում: Դա 2010-ական թվականներին էր: Շուտով գործունեությանս արդյունքում սկսեցի աշխատանքի հրավերներ ստանալ: Այսպիսով, ընդունվեցի «Կենտրոն» ԱԳԳ՝ որպես գործակալ: Սա շատ օգտակար եղավ, քանի որ հետաքրքիր աշխատանքային գործիքներ, ինչպես նաև շատ հմտություններ ձեռք բերեցի: Որոշ ժամանակ աշխատելուց հետո որոշեցի դուրս գալ և վերադառնալ անհատ գործակալի աշխատանքին՝ կապս պահելով Կենտրոն ԱԳԳ-ի հետ: Ի դեպ, մինչ այժմ էլ լավ ընկերներ ենք «Կենտրոն»-ի տնօրենի հետ: Մոտ 6 ամիս անց առաջարկ ստացա այն ժամանակ նորաբաց «Սեյֆ Հաուս» ԱԳԳ-ի տնօրենի կողմից՝ որպես վաճառքի բաժնի ղեկավար: 2012 թվականն էր: Հաջողությամբ ձևավորեցի թիմը, և մինչ 2015 թվականը ղեկավարեցի այն: – Ինչպե՞ս ստեղծվեց ընկերությունը: – 2015 թվականին որոշեցի առանձնանալ և ստեղծել իմ սեփական ընկերությունը ՝ «ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալությունը: Ինձ շատ օգնեցին եղբայրներս, ընկերներս, և իհարկե, թիմակիցներս: Գրասենյակս առանձնապես մեծ չէր, սկզբում նույնիսկ աշխատում էինք մեկ սեղանով և մեկ համակարգչով: Ինտերնետը ցրում էինք մեկ հեռախոսից և մի քանի հեռախոսներով հայտարարություն տալիս: Մի քանի գործարք անելուց հետո կարողացանք գնել գույք և տեխնիկա, իսկ հինը նվիրաբերեցինք կարիքավոր ընտանիքներին: Սկզբում շատ բարդ էր: Կարևոր էր կայանալը: Ընկերությունը դեռ երիտասարդ էր, և այն ճանաչում էին ինձնով և այլ գործակալներով: Ինձ համար գերակա խնդիրներից մեկը կայք ունենալն էր, որը շատ արագ կազմակերպեց «Կենտրոն» գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը: Բիզնեսի կառավարման մեջ ո՞ր մասն է ամենաբարդը: Ամենաբարդ հարցերից մեկը հարազատ մարդկանց կառավարելն է: Ինքներդ եք հասկանում, որ վճռական որոշումներ կայացնելիս դա շատ է խանգարում: – Ինչպե՞ս լուծեցիք այդ խնդիրը: – Ժամանակի ընթացքում անձնակազմը փոխվեց, եկան նոր մարդիկ, ինքս էլ սովորեցի անձնակազմի հետ ավելի ճիշտ աշխատել: Ի վերջո, սեփական բիզնեսում այս հարցերն այլ կերպ են լուծվում: Իսկ հարաբերությունները տուժե՞լ են համատեղ աշխատանքի պատճառով: Այո, իրականում դա անխուսափելի է հարազատների հետ աշխատելիս, սակայն ամեն ինչ արել եմ հարթելու և ջերմ հարաբերություններ պահպանելու համար: Կա՞ արդյոք դեղատոմս հարազատների հետ աշխատելու հետ կապված: Այո, չաշխատել (ժպտում է)։ – Հայաստանում այժմ պատրաստվո՞ւմ են պատշաճ անշարժ գույքի գործակալներ: – Այո, միայն գործակալություններում, որոնք սեփական միջոցներով ընդունում են աշխատակիցների, ուսուցանում են և դարձնում մասնագետներ: Սակայն այս դաշտը բաց է, չկա որևէ ԲՈՒՀ, որը կարող է պատրաստել մասնագետներ: Աշխատանքը լիցենզավորվող չէ, և ցանկացած անհատ կարող է դառնալ գործակալ: Իհարկե, կան նաև անհատներ, որոնք կազմակերպում են դասընթացներ: Սակայն լավ կլիներ, որ բուհերն անրադառնան այս ոլորտին և պատրաստեն գրագետ մասնագետներ: Մանրամասները կարող եք կարդալ [url=https://www.internest.am/7290/%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b8%d5%be%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf/?fbclid=IwAR0TgdThHgsi2tTzOISyq9dNqagk--JoWd2-Un26oIwj2_ySMtOWG3vs5b0]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր