211652_close_icon
views-count3555 դիտում article-date 22:06 19-10-2019

Վախենալու վտանգավոր բնազդը. Hayeli.am

Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք ունենալ պետք չէ: Հրայր Թովմասյանի ընտանիքի հետ կատարվածը բոլորի համար շատ պարզ դաս է. եթե որևէ մեկը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կամքը չի կատարում, ԱԱԾ-ում հարցեր են առաջանում` նրա ընտանիքի անդամներին ուղղված: ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի նախարարական գործունեության հետ կապված` խաշած հավի ծիծաղ առաջացնող հաղորդագրությունը տարածելուց առաջ կարող էր գոնե նկատի ունենալ, որ Թովմասյանը մինչև պետական պաշտոնի անցնելը միջազգային կառույցում աշխատող բարձր վարձատրվող մասնագետ է եղել, ուստի հայրական տան տանիքը նորոգելու միջոցներ հաստատ կունենար: Բայց սա մի կողմ: Եթե Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված խնդիրներ իսկապես կային, ինչո՞ւ դրանք ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում չհայտնվեցին հեղափոխությունից անմիջապես հետո: Ի վերջո Հրայր Թովմասյանը հասարակության կամ, ինչպես նիկոլականներն են սիրում ասել, նախկին իշխանության շարքային ներկայացուցիչ չէ. նա ՍԴ նախագահն է, պետության առաջին հնգյակի պաշտոնյաներից մեկը: Իսկապես մեծ խելք պետք չէ` հասկանալու համար, որ եթե գործը ոչ թե սարքովի, այլ իրական լիներ, երիտասարդ աղջիկներին ու ծերունի հորը ԱԱԾ հրավիրելու փոխարեն` ուղղակի մեղադրանք կներկայացվեր Հրայր Թովմասյանի դեմ` հստակ ապացույցներով: Քաղաքական մեծամասնությունն այս դեպքում բազմաթիվ գլխացավանքներից ազատված կլիներ, նեղություն չէր քաշի ԱԺ-ում լիազորությունների կասեցման անհիմն գործընթաց սկսել, հետո այդ իրավական արժեքից զուրկ որոշում ուղարկել ՍԴ, այնտեղից էլ մերժում ստանալ: Բայց սա էլ մի կողմ` հետաքրքիր է, թե մարմնի ո՞ր մասով են մտածում այն մարդիկ, ովքեր հայտարարում են` եթե ԱԱԾ-ն Թովմասյանի հորն ու դուստրերին կանչել է, երևի մի բան արած կլինեն: Այսպես, ի դեպ, ասում էին 37 թվին, երբ այս կամ այն մարդուն հռչակում էին ժողովրդի թշնամի և տանում Սիբիր: Բնությունն իրավամբ դաժան է վարվել այս կարգի մարդկանց հետ` նրանց զրկելով տրամաբանելու ունակությունից: Այս մարդիկ չեն կարողանում իրենք իրենց հարց տալ` լավ ինչո՞ւ ԱԱԾ-ն ընտանիքին հիշեց այն ժամանակ, երբ ներքաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն իշխանության համար Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունն է: Ցանկացած մարդու ամենաթույլ տեղը ընտանիքն է` պարզ է, որ ՍԴ նախագահի վրա ընտանիքի միջոցով ճնշում են գործադրում, որպեսզի նա թողնի ՍԴ նախագահի պոստը: Սա շատ պարզ ռեպրեսիա է, որ իշխանությունը կիրառում է` անցանկալի անձանց լռեցնելու համար: Շատ ավելի դաժան է այն մարդկանց վիճակը, որոնք արդարացնում են ԱԱԾ-ի վարքագիծը` հայտարարելով, թե ժամանակին իրենց էլ են տարել ոստիկանություն` հակաիշխանական ցույցերին մասնակցելու համար: Ներողություն, եթե ձեզ տարել են, ուրեմն հիմա էլ պիտի Թովմասյանի ընտանիքի՞ն տանեն: Նախկինում շատ վատ են արել, որ ձեզ տարել են, բայց հիմա էլ են շատ վատ անում: Այսինքն` հեղափոխությունն այս կարգի մարդկանց համար անձնական վրեժխնդրության ծարավը հագեցնելու միջոց է սոսկ: Թեպետ անգամ այս տեսանկյունից ոչ մի կերպ հնարավոր չի հասկանալ, թե ժամանակին իերնց ոստիկանություն կամ մեկ այլ տեղ տանելու համար, ինչո՞ւ պիտի այսօր պատասխան տա Հրայր Թովմասյանի ընտանիքը: Օրինակ` ի՞նչ կապ ունեն այդ երկու աղջիկն ու ծեր, հիվանդ մարդը ռոբասերժական համակարգի օրոք ընդդիմադիրներին ոստիկանություն տանելու, ծեծելու և բռնության ենթարկելու հետ: Այս հարցը տրամաբանական պատասխան չունի: Թե բա Հրայր Թովմասյանը ՀՀԿ անդամ է եղել: Հետո ի՞նչ, որ եղել է: ՀՀԿ-ն 166 հազար անդամ է ունեցել, և ի՞նչ` բոլորի ընտանիքներին հերթով պետք է ԱԱԾ տանե՞լ: Այս ողջ պատմության մեջ ամենավտանգավորը մեր հասարկության մեջ ռեպրեսիաները արդարացնելու բնազդի արթնացումն է: Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Փաշինյանը ևս հավերժ չի մնալու: Բայց այս` իրավամբ վախենալու բնազդի հետևանքները մենք դեռ երկար ենք զգալու: [url=https://hayeli.am/?p=152394&l=am&fbclid=IwAR3IhoHA6_GKaUwn1V_29CyHx0wClFRJCVHmDzGu_85KTXhEr6MxZQtUZIg]Hayeli.am[/url]

Նմանատիպ նյութեր