211652_close_icon
views-count4366 դիտում article-date 10:38 19-10-2019

Ցավում եմ, որ «Հայելու առաջ» հաղորդաշարը փակվեց․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ասել, որ ես Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդաշարի երկրպագուն էի, խիստ չափազանցություն կլիներ: Հարցազրույցի այն ոճը, երբ լրագրողն ավելի շատ է խոսում, քան նրա հյուրը, և երբ իր գրեթե ամեն մի հարցով դիրքորոշում է հայտնում (այն էլ որպես կանոն՝ շեշտադրված և ագրեսիվ տոնայնությամբ)՝ այդ մոտեցումն ինձ խորթ է: Համաձայն եմ նաև, որ վերջին շրջանում այդ հաղորդաշարը կրում էր ընդգծված քարոզչական բնույթ, և այդ քարոզչությունը հակաիշխանական էր: Բայց ցավում եմ, որ այդ հաղորդաշարը փակվեց: Ինչպես ցավում էի, երբ 90-ականների կեսերին փակվեցին դաշնակցական թերթերը, իսկ հրատարակչությունը մերժում էր տպագրել «Գոլոս Արմենիի» թերթը, երբ 90-ականների վերջին-2000-ականների սկզբին իշխանությունը արշավ էր ծավալում «Օրագիր», իսկ այնուհետև «Հայկական ժամանակ» թերթերի դեմ: Իմ այս դիրքորոշումը ես արտահայտում էի այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այդ իրադարձությունները, արտահայտում եմ նաև հիմա, երբ տեղի են ունենում նմանատիպ իրադարձություններ: Հեշտ է աջակցություն հայտնել մարդկանց, որոնց համակրում ես, որոնց համոզմունքները կիսում ես, որոնք ապրում և աշխատում են մոտավորապես այնպես, ինչպես որ դու ես ապրում և աշխատում: Շատ ավելի դժվար է դա անել, երբ անձնապես որևէ համակրանք չունես մարդկանց հանդեպ, երբ նրանց հայացքները և գործելաոճը քեզ դուր չեն գալիս: Բայց առանց դրա չկա ժողովրդավարական հասարակարգ՝ անկախ նրանից, թե ինչպիսի եվրոպական կոնվենցիաներ է ստորագրել քո երկիրը: Հայաստանը կարող է զարգանալ միայն կատարյալ ազատության պայմաններում՝ քաղաքական, տնտեսական, հավաքների, խոսքի: Եթե դու տարածում ես ազատության իրավունքը միայն «յուրայինների» վրա, իսկ «օտարներն», ըստ քեզ, չեն կարող օգտվել այդ իրավունքից, դա բերում է հենց այն իրավիճակին, որը կար Հայաստանում վերջին 28 տարիների ընթացքում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր