211652_close_icon
views-count1929 դիտում article-date 20:43 18-10-2019

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկած «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։ Իր ողջույնի խոսքում Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ցուցահանդեսի անցկացումը կարևոր հարթակ է նոր համագործակցությունների ձևավորման և երկարաժամկետ զարգացման համար։ Նրա խոսքով՝ նման միջոցառումներն են, որ երկխոսելու հնարավորություն են ստեղծում։ Նախարարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կծառայի նպատակին, կունենա շարունակական բնույթ և կստեղծի զարգացման նոր հիմքեր։ Տիգրան Խաչատրյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին և գործունեությանը, զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին։ Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսություն, ինչպես նաև նոր գործընկերների և իրացման նոր շուկաների որոնումը։ Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան հարյուր կազմակերպություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը՝ ոգելից խմիչք, բնական հյութեր, հանքային ջուր, մսամթերք և կաթնամթերք, յուղ և ձեթ, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված միրգ և բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, նպարեղեն, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։

Նմանատիպ նյութեր