211652_close_icon
views-count1254 դիտում article-date 21:38 18-10-2019

Կապանում գրքի տոն կկազմակերպվի

Սյունիքի մարզի Կապան քաղաքում կկազմակերպվի Գրքի տոն: Հոկտեմբերի 19-ին ժամը 14:30-ից Կապանի դրամատիկական թատրոնում կանցկացվեն վերջերս հրատարակված մի շարք բեսթսելեր գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-տոնավաճառ, որոնք կուղեկցվեն ելույթների խոսքերով ու երաժշտական համարներով: Նախաձեռնությունն իրականություն են դարձնելու «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Սյուն» գրախանութների ցանցը: Մասնավորապես, գրքի տոնի շրջանակում տեղի կունենա Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների, Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակի, «Հովհաննես Թումանյան.հոբելյանական ընտրանի՝ նվիրված գրողի 150-ամյակին», «Կանայք Թումանյանի կյանքում», Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքերի շնորհանդեսները: «Մենք մշտապես շեշտում ենք՝ մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Այս անգամ մենք միանգամից մի քանի նշանակալից գրքեր կներկայացնենք Սյունիքում, որոնք հենց նոր են դուրս եկել տպարանից: Վստահ ենք, որ դրանք անպայման կհետաքրքրեն մարզաբնակ ընթերցողներին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Հրատարակչությունն առաջին անգամ չէ մշակութային միջոցառումները տանում մարզեր: Նմանատիպ նախաձեռնություններն արդեն իսկ բարի ավանդույթ են դարձել: Այս անգամ, բացի նոր գրքերից, հրատարակչությունն իր հետ մարզեր կտանի գրքերի բազմաբովանդակ տեսականի՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու ընթերցանությանը:

Նմանատիպ նյութեր