211652_close_icon
views-count1908 դիտում article-date 10:49 18-10-2019

Հումանիզմը չի կարող լինել միայն վերացական․ մարդկայինի առաջնահերթությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ի՞նչն է առաջնայինը՝ մարդկայի՞ն, թե՞ քաղաքական մոտեցումը: Ինձ համար այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ ամենից առաջ պետք է լինի մարդկայինը: Հումանիզմը չի կարող լինել միայն վերացական, հնարավոր չէ ասել՝ եկեք այս լավ մարդու նկատմամբ լինենք մարդասեր, իսկ ահա այս տականքին մարդասիրություն չի հասնում: Բոլոր դաժանություններն աշխարհում մարդիկ իրականացրել են՝ ղեկավարվելով հենց այդ անառողջ տրամաբանությամբ: Այո, ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀԿ անդամ էր, ծառայում էր այդ կուսակցությանը, բայց իշխող կուսակցությանն անդամագրվելուց առաջ էլ (այն պահից, երբ դարձավ արդարադատության նախարար) և իր անդամակցությունը կասեցնելուց հետո էլ աշխատում էր իշխանության, ոչ թե պետության և օրենքի համար, և այդ պատճառով, կարծում եմ, չի կարող լինել ՍԴ դատավոր: Դա, իմ կարծիքով, քաղաքական, ինչպես նաև՝ էթիկական խնդիր է: Արդյոք դա պետք է ունենա նաև քրեական հետևանքներ, չգիտեմ: Բայց եթե դա նույնիսկ այդպես է, ապա պետք է հետապնդվի միայն Թովմասյանը, ոչ թե նրա հայրն ու երեխաները: Իսկ երբ անհանգստացնում են նրա հարազատներին, կարող է տպավորություն ստեղծվել, որ դա պարզապես բարոյական ճնշում է՝ Թովմասյանին ստիպելու համար, որ նա հրաժարական տա, այն բանից հետո, երբ ՍԴ-ն փաստորեն հրաժարվեց դա անել: Այո, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատվել էր աննախադեպ կարծր ավտորիտար ռեժիմ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության առումով դրանք ամենաանբարենպաստ տարիներն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այդ ընթացքում կատարվել են մի շարք անպատիժ մնացած սպանություններ, ընտրությունների ժամանակ մարդկանց ահաբեկում էին, քաղաքական հայացքների համար մարդիկ հայտնվում էին բանտում: Երկրորդ նախագահն, անշուշտ, պետք է պատասխան տա նաև մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար: Բայց այս պահիս նա հիվանդանոցում է, և այդ կարգավիճակով նրան պետք է միայն շուտափույթ ապաքինում ցանկանալ և ոչ թե կասկածներ հայտնել, որ նա «սիմուլյացիա» է անում: Առավել ևս՝ ֆեյսբուքում գրել՝ «թող սատկի»: Այդպիսի գրառումների հեղինակներն իմ կարեկցանքն են առաջացնում՝ որքա՜ն մեծ տեղ է նրանց հոգում զբաղեցնում խավարը: Այո, Մանվել Գրիգորյանը, ազատամարտի հերոս լինելով, պատերազմից վերադառնալուց հետո, իրեն դրսևորել էր որպես լկտի, ամբարտավան, անպատժելիությունից հարբած տեղական «իշխանիկ» (առաջին երեք նախագահների թողտվությամբ): Արդյոք դրա համար դատ է հասնում, դարձյալ չգիտեմ: Բայց եթե հասնում է, ապա նախ՝ մեկուկես տարում այդ դատը վաղուց պետք է սկսվեր: Երկրորդ, մինչև դատը սկսվելը գեներալին անազատության մեջ պահելը, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, կարող է հաշվեհարդարի տպավորություն թողնել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր