211652_close_icon
views-count1514 դիտում article-date 09:25 18-10-2019

Հայաստանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ․ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը․ «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5128172.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այս առիթով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Այսօր Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։ Այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի ճանաչման լավագույն վկայությունն է։ Այս հաջողությունը նաև ի ցույց է դնում միջազգային հանրության՝ Հայաստանի նկատմամբ բարձր վստահությունը՝ որպես հուսալի գործընկեր և մարդու իրավունքների պաշտպանությանն առաջամարտիկ, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և ոճրագործությունների կանխարգելման առումով։ Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և բազմակողմ արդյունավետ փոխգործակցության կողմնակից՝ Հայաստանը ստորագրել և միացել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր հիմնարար փաստաթղթերին և նախաձեռնություններին։ Այսօր կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այդ հանձնառությունները ոչ միայն մեր պետության իրավական համակարգի, այլև ազգային արժեհամակարգի և ինքնության կարևոր մասն են։ Մենք պատրաստակամ ենք ներկայացնել մեր փորձառությունը, լսել և սովորել մեր գործընկերներից և հանձնառու ենք աջակցելու միջազգային այնպիսի փոխգործակցությանը, որն ուղղված կլինի ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը, միջկառավարական արդյունավետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովմանը։ Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը: Մարդու իրավունքները համընդհանուր են՝ աշխարհի բոլոր անկյուններում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի և անհատի համար: Հայաստանը վճռական է իր ներդրումը բերել Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընթացող միջազգային համագործակցությանն ու երկխոսության ամրապնդմանը, և այդ նպատակով մենք արդեն իսկ հանդես ենք եկել հստակ հանձնառություններով, որոնք նախատեսում ենք իրագործել առաջիկա տարիների ընթացքում։ Մենք շարունակելու ենք պայքարել ինքնության հիմքով խտրականության դրսևորումների, այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի և քարոզի դեմ, որովհետև Հայաստանին և հայ ժողովրդին լավ հայտնի են այդ հիմքերով մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքները։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի անդամակցությունը զուգակցվելու է նաև ՄԱԿ-ի մեկ այլ կարևոր մարմնում՝ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ Հայաստանի նախագահությամբ։ Սա առավել ևս խորհրդանշական է՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի հանրային կյանքում կանանց քաղաքական ներկայացվածության և ներգրավվածության նշանակալի աճը, որը վկայում է մեր երկրում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հետևողական քայլերի արդյունավետության մասին։ Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային համագործակցության ամրապդնման գործում, և մենք նախատեսում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերն այդ օրակարգը առաջ տանելու համար։ Կցանկանայի երախտագիտություն հայտնել միջազգային մեր գործընկերներին Հայաստանի թեկնածության հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների, ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարեկրյա տարբեր պետություններում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տարված հետևողական և համակարգված աշխատանքի համար։ Սա մեր բոլորիս հաջողությունն է, որով մենք նաև ստանձնում ենք մեծ պատասխանատվություն միջազգային համայնքի առջև»:

Նմանատիպ նյութեր