211652_close_icon
views-count2048 դիտում article-date 15:12 17-10-2019

Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ առավոտյան ժամը 9-ին մարզպետը զանգել, տեղեկացրել է, որ Ողջի գետի գույնը փոխված է, դարչնագույն է, և մարզում առկա բոլոր ուժերը մոբիլիզացվել են գնալ, տեղում իրավիճակը հասկանալու համար: «Մարզի ներկայացուցիչները, ուժային կառույցների ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե որ կոմբինատի պոչամբարն է, բայց տարածքը ցույց է տալիս, որ այն կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը: Իր հերթին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նապահպանական և ընթերքի տեսչական մարմնի աշխատակիցները առավոտյան եղել են դեպքի վայրում, փորձանմուշները վերցրել են. «Եթե տարածքը ավելի վերևի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են: Ըստ նախնական տվյալների, վերևի մասից է, ոչ դե կեսից: Կեսից հնարավոր է, որ Կապանի նախկին կավարտի հանքից արտահոսքեր լինեին»: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում. «Այնտեղ կա վնասված խողովակի հատված, որի վերականգնման աշխատանքներ են կատարվում: Նախնական տվյալով, այդտեղից է հոսել ջուրը: Կքննարկվի քրգործ հարուցելու հարցը»: Հարցին անդրադարձավ նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ տերերը թաքուն են պահել, որ նման դեպք է եղել. «Չեն ասել և արագ վերականգնման աշխատանքներ են սկսել: Այդ խողովակներն արագ զոդել են: Մերոնք ասացին, որ արդեն վերականգնել են»:

Նմանատիպ նյութեր