211652_close_icon
views-count1208 դիտում article-date 14:18 17-10-2019

Հայաստանի ավիացիոն շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների և տուրիզմի. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց քաղաքացիական ավիացիայի համար կարևոր իրադարձության մասին՝ ընդգծելով, որ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը՝ Ryanair-ը, աշխատելու է Հայաստանում: «Ստացվում է, որ, օրինակ՝ Երևանից Հռոմ 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել: Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից տոմսեր կային վաճառքի»,- ասաց վարչապետը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը դեռևս չորս ուղղությամբ է թռիչքներ իրականացնելու: «Գնային քաղաքականությունը միտված է նրան, որ հնարավորինս էժան գներ առաջարկի և հասանելի լինի»,- ասաց նա: Անդրադառնալով սննդին և ուղեբեռին, Տիգրան Ավինյանը նշեց, որ հավելյալ վճարումներով կարելի է մյուս ծառայությունները ստանալ՝ սնունդ, ուղեբեռ: «Ընդհանուր առմամբ, նման ընկերությունների մուտքը էական ազդեցություն է ունենում ներգնա, արտագնա տուրիզմի համար»,- ասաց փոխվարչապետը: Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ այս հարցում բուռն քննարկումներ են եղել կառավարությունում: «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին մեկ տարվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրքը» կհանվի, և սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Այս փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի»,- ասաց կառավարության ղեկավարը՝ նշելով, որ հետևողական պետք է լինել որոշումների իրականացման հարցում:

Նմանատիպ նյութեր