211652_close_icon
views-count1708 դիտում article-date 10:19 17-10-2019

Պետք է փոխել մեթոդաբանությունը, որ հայոց լեզու, գրականություն, պատմություն անցնելը ձևական բնույթ չկրի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Պարզվում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կողմից մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, ըստ որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: Փաստորեն, 2004 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից հանվել է հայագիտության հետ կապված այն հատուկ կետը, որը վերաբերում էր բուհերում այդ առարկաների պարտադիր դասավանդմանը: Իհարկե, այս նախաձեռնությունը առանց նախաբանի չէր կարող լինել: Օրինակ՝ մայր բուհի՝ ԵՊՀ-ի 20 ֆակուլտետներից 17-ում քննական «Հայոց պատմություն» առարկան դարձվեց ստուգարք, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ ստուգարքային առարկաները առավել պակաս ուշադրության են արժանանում ուսանողների կողմից, քան քննական առարկաները: Իսկ դպրոցներում ոչ միայն նվազել է «Հայոց պատմություն» առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, այլև հարվածի տակ է հայտնվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, քանի որ ներկայիս իշխանությունները փորձում են այս առարկան ընդհանրապես դուրս հանել կրթական ծրագրերից: Եվ ահա, այս ամենն արվում է կրթական համակարգը բարեփոխելու անվան տակ: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե բուհն ինքը պետք է որոշի՝ ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը, թե ոչ: Ըստ նրա՝ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանակակից սկզբունքին: Զարմանալի է, թե ո՞րն է կրթական ծրագրերի ժամանակակից սկզբունքը, այն դեպքում, երբ ներկայումս բազմաթիվ երկրներ առանձնահատուկ նշանակություն են տալիս իրենց լեզվի և պատմության պարտադիր դասավանդմանը: Անգամ մի շարք երկրներում (օրինակ՝ ԱՄՆ, Ռուսաստան և այլն) նույնիսկ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձինք պարտադիր քննություն պետք է հանձնեն այդ երկրի լեզվից և այդ երկրի պատմությունից: Ավելին՝ շատ երկրներ ոչ միայն խորացնում են իրենց լեզվի ու պատմության դասավանդումը երկրի ներսում, այլև փորձ են կատարում այդ առարկաների դասավանդումն իրականացնել երկրի սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով այլ երկրներում տարածել իրենց մշակույթը փափուկ ուժի տեսքով (soft power): Օրինակ՝ Ֆրանսիան փորձում է աշխարհում տարածել ֆրանսերեն լեզուն ու մշակույթը և ամեն տարի մեծ միջոցներ է տրամադրում դրա համար։ Սկզբունքորեն հասկանալի է նաև նրանց մոտեցումը, որոնք գտնում են, որ այդ առարկաները պետք է անցնեն դպրոցում՝ 12 տարվա ընթացքում, ու պարտադիր չէ, որ, ասենք, քիմիկը կամ ինժեները բուհում «երկրորդ շրջանով» անցնի «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները: Նրանք գուցե իրավացի են, սակայն խնդիրն այն է, որ ոչ թե պետք է իսպառ հանել այդ առարկաները, այլ մտածել այնպիսի մեթոդաբանություն, որ դրանք բուհում անցնելը ձևական բնույթ չկրի, այլ հավելի հանրակրթության տվածը, ունենա իմացական այլ շերտեր, այդ թվում՝ մասնագիտության հետ առնչվող»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր