211652_close_icon
views-count2479 դիտում article-date 09:43 17-10-2019

Վաշինգտոնում կազմակերպվել է Կոմիտասին նվիրված համերգ․ «Ամերիկայի ձայն»

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150 ամյակի կապակցույանմբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ ու միջոցառում, որն անցավ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Համերգի հասույթը տրամադրվեց Վանաձորի տարեցների տանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5126798.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Կոմիտաս վարդապետը խորհրդանշում է հայոց ազգի վերածնունդը»,- նշել է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը օրերս Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը Կոմիտաս վարդապետին նվիրված միջոցառման համերգին, որի մենակատարն էր դաշնակահար Շահան Արծրունին: Միջոցառումը կազմակերպել էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը Վաշինգտոնում սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և կանանց եկեղեցական խորհրդի հետ համատեղ: ԱՄՆ-ի մայրաքաղաքում կազմակերպած հոբելյանական այս համերգն ուներ նաև մեկ այլ խորհուրդ: Այն նվիրված էր նաև Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին, իսկ միջոցառման ողջ հասույթը կուղվի Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գտնվող Վանաձորի տարեցների տանը: Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն իր ելույթում, երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանությանն ու համերգի բոլոր կազմակերպիչներին, ընդգծեց Կոմիտասի ժառանգության կարևորությունը Հայաստանի պետականության և մշակույթի համար: Այն ի ցույց է դնում հայ ժողովրդի կարողությունը ծառայելու իր ազգին և պայքարելու հանուն իր գոյության պահպանման, ասել է դեսպանը: Ծնունդով Ստամբուլից, հայ դաշնակահար Շահան Արծրունին էլ իր հերթին ներկայացրեց Կոմիտասի կյանքն ու անցած ուղին, նրա թողած ժառանգությունն ու դրա կարևորությունը հայ ժամանակակից երաժշտության համար: Առանց Կոմիտասի հայկական երաժշտությունը կունենար այլ բովանդակություն ու զարգացման ընթացք, նշել է Արծրունին: Համերգին ներկա հայ երաժիշտ, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը ևս համակարծիք է այս գնահատականի հետ: «Եթե չլիներ Կոմիտասը, երևի թե, այլ կերպ կդրսևորվեր հայկական դասական երաժշտությունը: Դա մեր սյուն է, հիմքն է, որի հիման վրա մեր բոլոր դասականները կառուցեցին մեր երաժշտության պատմությունը»,- ասում է նա: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ, դաշնակահար Աիդա Քալիկյանի կարծիքով էլ անհրաժեշտ է, որ ժամանակակից հայ երաժիշտներն ու կոմպոզիտորները հավատարիմ մնան հայ ազգային երաժշտության ակունքներին, որի ձևավորման հարցում անգնահատելի է Կոմիտասի դերը: «Կոմիտասը հայ երաժշտության հիմնաքարերից է: Հայ ազգային երաժշտությունը հիմնվում է նրա ստեղծագործությունների ու մաքրազարդումների վրա»,- ասել է Քալիկյանը: Վաշինգտոնում կայացած համերգը համալրեց այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում և Հայաստանում անցնող Կոմիտասին նվիրված բազմաթիվ միջոցառումների ու համերգների շարքը: 2019 թվականը հռչակվել էր Կոմիտասի տարի: Սեպտեմբերի 26-ին լրացավ վարդապետի 150 ամյակը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանի խոսքերով՝ Կոմիտասն այն անուններից է, որով Հայաստանը ներկայացված է աշխարհում:

Նմանատիպ նյութեր